Այսօրվանից վերացվել է Գարդաբանի և Ռուսթավի քաղաքներում գործող ելումուտի սահմանափակումները, արգելքը գործում էր ավելի քան մեկ ամիս:

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ապրիլի 15-ից փակվել են Քվեմո-Քարթլիի շրջանի երկու քաղաքները: Նմանատիպ սահմանափակումներ էին գործում նաև Թբիլիսիում, Բաթումիում և Քութայիսիում: Վրաստանի մայրաքաղաքը բացվել է մայիսի 11-ին, իսկ մայիսի 5-ին՝ Բաթումին և Քութայիսին:

Առավոտյան, Ռուսթավի և Գարդաբանի քաղաքների մուտքերին և ելքերին կառուցված ճանապարհային անցուղիներն ապամոնտաժվել են, որոնք հսկում էին ոստիկանությունն ու զինվորականները: Քաղաքացիներն այժմ կարող են ազատ տեղաշարժվել՝ առանց հատուկ թույլտվությունների: Միևնույն ժամանակ, բնակիչների համար ուժի մեջ է մնում արտակարգ դրության սահմանափակումները: Մեքենայում կարող են լինել ընդամենը երեք մարդ, իսկ հետևի նստատեղին երկու ուղևոր:

Քվեմո-Քարթլի մարզի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին նշում է, որ Ռուսթավի և Գարդաբանի քաղաքների բացումը որևէ ռիսկ չի պարունակում: Ըստ նրա խոսքերի, «երաշխավորված հնարավորություն կա քաղաքը լիարժեք և սովորական ռիթմով գործելու համար»:

«COVID-19-ի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են արդյունավետորեն, և մենք ունենք որոշակի արդյունքներ, կայուն դինամիկա: Սա մեզ հնարավորություն է տալիս բացել Ռուսթավի քաղաքը և բնակչությանը թույլ տալ ազատ տեղաշարժվել», – ասել է Ռեխվիաշվիլին:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ռուսթավիում գրանցվել է կորոնավիրուսային վարակի իննը դեպք: Ութ պացիենտ արդեն ապաքինվել է: 12 օրվա ընթացքում այստեղ COVID-19-ի նոր դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ից երկրի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, որը երկարացվել է մինչև մայիսի 22-ը: Համաճարակաբանական իրավիճակը գնահատելիս կառավարությունը հետզհետե վերացնում է համաճարակի պատճառով ստեղծված տնտեսական գործունեության և շարժման սահմանափակումները: