Կորոնավիրուսի պայմաններում «Ազգային փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին. Ներգրավվածություն էլ ավելի լավ ապագայի համար» ծրագիրը տեղափոխվել է առցանց պլատֆորմ՝ առաջին փուլն ավարտվելուց հետո սկսվել է երկրորդը:
Ծրագրի առաջին փուլը, որը տևել է 7 ամիս, ներառում էր միջոցառումներ, տեղի երիտասարդության համար դասախոսություններ և պրակտիկ սեմինարներ, դասընթացներ՝ էթնիկ քաղաքականության հիմնահարցերի, քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ռազմավարության, Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության հրատապ խնդիրների և հանրային քաղաքականության վերլուծության և պլանավորման վերաբերյալ: Նաև քաղաքական սոցիոլոգիա, ԶԼՄ-ներ, փաստաբանություն, քաղաքացիական իրավունքներ և ընտրություններ, զարգացման և կրթության խնդիրներ: Մարտից ի վեր դասախոսություններն անցկացվում էին Zoom առցանց հարթակում:
Ծրագրի երկրորդ փուլն արդեն սկսվել է, որը ենթադրում է հատուկ ոլորտներում երիտասարդ մասնակիցների վերլուծական փաստաթղթերի մշակում և ներկայացում: Այս փաստաթղթի մշակմանը Ախալքալաքից ծրագրին մասնակցում է 6 հոգի: Ընդհանուր առմամբ, երկու շրջաններից՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններից՝ 10 հոգի, «Ռոնդելի» հիմնադրամի մենթորներն ակտիվորեն օգնում են երիտասարդներին այս փաստաթղթերի մշակման գործում:
Այս աշխատանքներին հավելյալ կանցկացվեն դասընթացներ և սեմինարներ տեղական համայնքների բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների համար` համապետական արդիական հիմնահարցերի և գործնական հմտությունների ամրապնդման վերաբերյալ:
Ջավախքի և Քվեմո-Քարթլիի ամենաակտիվ երիտասարդ մասնակիցների խումբը հնարավորություն կունենա վերապատրաստվելու քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններում: Սա արդեն կլինի այս ծրագրի երրորդ փուլը:
Նախքան կորոնավիրուսի տարածումը, մասնակիցների այց էր կազմակերպվել Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպել էին տարբեր քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ: Հնարավորություն ունենալով կարևոր հարցեր հղել և քննարկել իրենց համար արդիական խնդիրները:
Այս նախագիծն իրականացնում է Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամը (Ռոնդելի հիմնադրամ)` ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է բարելավել ազգային փոքրամասնությունների մասնակցությունը Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին, խթանել ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը քաղաքական կուսակցություններում, ինչպես նաև օժանդակել Վրաստանում միջազգային ինտեգրման գործընթացներին` զարգացնելով ժողովրդավարական կառավարման սկզբունքները ազգային փոքրամասնությունների կողմից խիտ բնակեցված շրջաններում:
Այս ծրագրի շրջանակներում Ռոնդելիի հիմնադրամը համագործակցում է տեղական հասարակական կազմակերպությունների հետ Ախալքալաքում և Մառնեուլում, այդ թվում Jnews-ի՝ Ջավախքի լրատվական կենտրոնի, ինչպես նաև Թբիլիսիում գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: