Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) այս տարի կրկին սկսել է մոնիտորինգել տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերը: Նախորդ՝ 2019-ի մոնիտորինգի արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետը «Տեղական ինքնակառավարման ինդեքսում» աշխատանքի թափանցիկության տեսանկյունից զբաղեցրել էր վերջին տեղը: Որ տեղը կզբաղեցնի Ախալքալաքի մունիցիպալիտետն այս անգամ, պարզ կդառնա սեպտեմբերին:
«Տեղական ինքնակառավարման» վերջին ինդեքսից անցել է երկուսուկես տարի, և Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) կրկին մոնիտորինգ է անցկացնում: Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների մոնիտորինգի արդյունքները դեռ հայտնի չեն, դրանք կհրապարակվեն 2021 թվականի սեպտեմբերին, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:
Աշխատանքի թափանցիկության, բնակչության առջև հաշվետվության և որոշումների կայացման գործընթացում բնակչության մասնակցության որակի ինդեքսում Ախալքալաքի մունիցիպալիտետը 2019 թ.-ին հայտնվել էր վերջին տեղում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում համաձայն չէին նման գնահատականի հետ, նրանք պատճառը տեսնում էին այն բանի մեջ, որ այդ ժամանակ կայքը շահագործման էր հանձնվել համեմատաբար վերջերս, ուստի արդյունավետությունը տեսանելի չէր:
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) առաջին անգամ մունիցիպալիտետների աշխատանքի թափանցիկությունը ուսումնասիրել էր 2017 թ.-ին, այնուհետև՝ 2019 թ.-ին:
Մինչ մոնիտորինգի ավարտը և նոր ինդեքսի հրապարակումը, Jnews– ը որոշեց տեսնել, թե ինչպես է աշխատում Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքը.
– http://akhalkalaki.ge/պաշտոնական կայքը հունիսի 17-ի ժամը 14: 22-ին, ըստ հաշվիչի, այցելել են 8 ինտերնետ- օգտատեր, որոնցից 2-ը՝ Jnews-ի լրագրողներն են:
– Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքը հասանելի է հայերեն և վրացերեն լեզուներով:
– «Քաղաքապետարանի նորություններ» բաժնում վերջին թարմացումը կատարվել է 2021 թվականի մայիսի 25-ին: Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հրապարակվել է 6 տեղեկատվական բնույթի նորություն:
– «Սակրեբուլոյի նորություններ» բաժնում վերջին նյութերը հրապարակվել են 2021 թվականի ապրիլի 16-ին: Մեկ տարվա ընթացքում հրապարակվել է 5 նորություն:
– «Օրենսդրություն» բաժին: «Պատգամավորների հաշվետվություններ» ենթաբաժնում Սակրեբուլոյի պատգամավորների զեկույցներն են իրենց աշխատանքի մասին, «Իրավական ակտեր» ենթաբաժնում Ախալքալաքի մունիցիպալիտետի վերջին որոշումներն են հրապարակված 2021 թվականի ապրիլ ամսվա կրտվածքով:
– «Բյուջե» բաժին: Այս բաժնի ենթաբաժիններում կան տարբեր փաստաթղթեր. Բյուջեներ, հավելված, փաստաթղթեր առաջնահերթությունների մասին …
– «Հետադարձ կապ» բաժին: Որպեսզի քաղաքապետարանի կայքում ստուգեինք, թե ինչպես է աշխատում ինտերակտիվ համակարգը, քանի որ դրան մեծ ուշադրություն են դարձնում մոնիտորինգի գործընթացում, Jnews- ի աշխատակիցը նամակ ուղարկեց՝ հարցով: Նամակը ստանալու մասին անմիջապես ծանուցվեց, բայց արդեն երկու շաբաթ է` պատասխան չկա:
– Կայքի կողային տողը պարունակում է մունիցիպալիտետի տարբեր հաստատությունների գործունեության և ղեկավար անձանց մասին տեղեկություններ: Տեղեկատվություն կա նաև առևտրի կենտրոնների, գյուղատնտեսական շուկայի մասին:
– «Օգտակար տեղեկություն» պատուհանում 2020 թ.-ի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի և քաղաքապետարանի հաշվետվությունն է: «Ծրագրեր ու նախագծեր» բաժինը չի թարմացվել 2019 թվականից ի վեր: «Մրցույթներ և աճուրդներ» –ում կան հղումներ պետական գնումների և աճուրդների կայք: «Գենդերային խորհուրդ» բաժնում կան տեղեկություններ այս խորհրդի կազմում անդամակցած մարդկանց մասին: «Խորհրդատուների ժողով» բաժինը չի թարմացվել 2020-ի հունվարից: Թարմացումներն ակտիվորեն կատարվում են «Թափուր աշխատատեղեր» բաժնում:
Ինչպես երեւում է մեր մոնիտորինգից, Ախալքալաքի կայքում ակտիվություն չկա ոչ օգտատերերի, ոչ էլ իշխանությունների կողմից:
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի կողմից մունիցիպալ կայքերի մոնիտորինգի նպատակն է գնահատել մունիցիպալիտետներում առկա պրոակտիվ թափանցիկության որակը և բարելավել այն:
«Տեղական ինքնակառավարման ինդեքս» -ի մեթոդաբանությունը նախատեսում է գնահատել երեք թեմատիկ բլոկների համաձայն.
1) հանրային տեղեկատվության ակտիվ բացահայտում
2) էլեկտրոնային կառավարում
3) քաղաքացիների մասնակցություն և հաշվետվողականություն:
Ըստ առաջին երկու բլոկների, մունիցիպալիտետը գնահատվում է ելնելով դրանց պաշտոնական մոնիտորինգից: Տեղեկատվական գործունեության չափանիշները գնահատում են կայքի հասանելիությունը և համապատասխանությունը՝ ֆինանսական, կադրային քաղաքականության, քաղաքապետարանի կողմից հիմնած իրավաբանական անձանց և այլնի համար:
Դե իսկ էլեկտրոնային կառավարումը գնահատում է մունիցիպալիտետի կողմից քաղաքացիներին իր կայքում առաջարկած էլեկտրոնային ծառայությունների մակարդակը, և, թե որքանով է մունիցիպալիտետն ապահովում քաղաքացու էլեկտրոնային մասնակցությունը մունիցիպալիտետի գործունեությանը:
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի սոցիալ-տնտեսական ուղղությամբ ղեկավար Գոգա Թուշուրաշվիլին ասում է, որ այս մոնիտորինգը շատ կարևոր կլինի տեղական ինքնակառավարման նոր ղեկավարության համար:
«Մոնիտորինգը կավարտվի մինչև 2021 թ.-ի ՏԻՄ ընտրությունները: Մոնիտորինգի ընթացքում մշակված առաջարկությունները կարևոր հնարավորություն կդառնան նոր ղեկավարության համար ընտրություններից հետո, բարելավելու մունիցիպալիտետի թափանցիկ և հաշվետու գործունեության որակը », – ասում է Գոգա Թուշուրաշվիլին:
Շուշան Շիրինյան