Մարտի 8-ին ընդդիմության և իշխող «Վրացական երազանքի» միջև համաձայնագիրը 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնելու վերաբերյալ դեռևս չի իրականացվել: Այս առումով, Վրաստանի ներքին քաղաքականությունում սկսվել են այդ քաղաքական խնդրի մեծ դիվիդենտներ ստանալու գործընթացները՝ օգտագործելով այս հարցը:
Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, հերքել է ընդդիմության մեղադրանքները մարտի 8-ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին: Այդ ժամանակ, միջազգային գործընկերների աջակցությամբ, կողմերը ստորագրել էին հուշագիր` 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները նոր ընտրական մոդելի համաձայն անցկացնելու վերաբերյալ, սակայն, ինչպես իշխող կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ ընդդիմությունը ի սկզբանե փորձում է քաղաքականացնել գործընթացը, և համաձայնագրի հարցը կապել քաղբանտարկյալների ազատման հետ:
Խորհրդարանի նախագահի խոսքով, չնայած Ուգուլավայի, Օքրուաշվիլիի և Ռուրուայի ազատման հարցը ընդդիմության կողմից բարձրացվել է բանակցությունների բոլոր չորս փուլերում, բայց բոլոր չորս դեպքերում «Վրացական երազանքը» տվել է հստակ պատասխան, որ սա ոչ մի կերպ չի կարող լինել քաղաքական բանակցությունների և պայմանավորվածությունների առարկա:
Արչիլ Թալակվաձեն հավելել է. «Բոլոր փաստերն ու փաստաթղթերը, ներառյալ հենց համաձայնագրի տեքստը, վկայում են, որ իշխող կուսակցությունը որևէ կերպ չի խոստացել ազատ արձակել բանտարկյալներին:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է տապալել ընտրական բարեփոխումը և դրանում մեղադրել ընդդիմությանը: Այսպիսով, «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին արձագանքել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հայտարարությանը:
Ինչպես արտահայտվել է ընդդիմադիր քաղաքական գործիչը, «այստեղ հիմարներ չկան»: Ըստ նրա, բոլորը շատ լավ գիտեն, որ «Վրացական երազանքը» ավելի քան բավարար ձայներ ունի օրենսդիր մարմնում՝ որևէ փոփոխություններ կատարելու համար:
«Իհարկե, ոչ ոք թույլ չի տա պարոն Թալակվաձեին դա անել: Ոչինչ չի փոխվել մեր կողմից: Մենք պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին: Կարծում եմ, որ անիմաստ է միջազգային հանրությանը ֆիքսել ինչ-որ այլ կարծիք: Քանի որ մեր միջազգային գործընկերները բազմիցս ֆիքսել են այդ կարծիքը և դիրքորոշումը հրապարակավ», – հայտարարել է Սամադաշվիլին:
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Եվրոպական Վրաստան»-ի պատգամավոր Իրմա Նադիրաձեն Արչիլ Թալակվաձեի հայտարարություններն անվանել է «կեղծ և անպատասխանատու»: Նա նունյպես անիմաստ է համարում միջազգային միջնորդներին խնդրել հստակեցնել իրենց դիրքորոշումը:
«Բանակցություններին մասնակցած դիվանագիտական կորպուսն արդեն հայտնել էր իր կարծիքը, երբ կայացվել էր Օքրուաշվիլիի դատավճիռը: Դիվանագիտական կորպուսը, ԵՄ դեսպանը, ԱՄՆ դեսպանատունը հայտարարել են, որ սա համաձայնագրի (խմբ. ընդդիմության հետ) խախտում է համարվում: Հետևաբար, նրանց դիրքորոշումը շատ պարզ է»:
Պատգամավորը կոչ է արել «Վրացական երազանքին» ազատ արձակել քաղբանտարկյալներին նախքան սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցումը: «Այդպես ճիշտ կլինի: Դա կնպաստի երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը և թույլ կտա Բիձինա Իվանիշվիլիին ընտրությունների միջոցով կորցնել իշխանությունը և անցնել ընդդիմություն»:
Նադիրաձեն նախազգուշացրել է, որ եթե իշխող կուսակցությունը չկատարի համաձայնագիրը, դա կդառնա Իվանիշվիլիի հերթական սուտը. «Նա նորից անհաջողության մատնեց մարդկանց, ինչի պատճառով նրանք ստիպված կլինեն վճարել բարձր քաղաքական գին: Բայց նրանք միևնույն է կկորցնեն իշխանությունը»: