Մեկ ամսվա կտրվածքով, «1TV.GE» կայքէջում «Հեռուստադպրոցի» դասընթացները դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ «Youtube»-ում՝ ավելի քան 700 000: Նախագծի հանրաճանաչելիությունն օրեցօր ավելանում է: Հեռուստանախագիծը «տոնում» է իր հաջողությունը, իսկ Ախալքալաքի շրջանի գյուղերում նույնիսկ տեղյակ չեն նախագծի մասին, բնականաբար և չեն հետևում:
Մի քանի օր առաջ Jnews լրատվականը Ախալքալաքի շրջանի մի գյուղից հեռախոսազանգ է ստացել, զանգողը հարցնում էր իրո՞ք գոյություն ունի այսպիսի ծրագիր և ինչպե՞ս կարելի է հետևել դրան։
Մենք փորձեցինք ճշտել, թե ինչքանո՞վ են Ախալքալաքի շրջանում հետևում «Հեռուստադպրոց» նախագծին: Պարզվում է, աշակերտների դիտողականության հաճախականությունը լրացնելու ընթացքում Ախալքալաքի շրջանի որոշ դպրոցներ սեփական հայեցողությամբ, որոշել և ուղղակիորեն նշել են, որ աշակերտների 90%-ը հետևում է նախագծին: Իրականում դա այդպես չէ և լրացնելու համար հարցում չի անցկացվել աշակերտների շրջանում։
Ուսուցիչները դրական են գնահատում այս ծրագիրը և շատ են հավանում, սակայն նշում են, որ չեն կարող իրենց աշակերտներին ստիպել, որ ամեն շաբաթ հետևեն։
Իհարկե կան ուսուցիչներ ովքեր հատուկ խմբեր են բացել սոցիալական կայքերում իրենց աշակերտների և ծնողների համար և ամեն անգամ ուղղարկում են հեռուստադասերի տեսագրությունները, որպեսզի նրանք կանոնավոր կերպով կարողանան հետևել։
«Ես ամեն անգամ հարցնում եմ իմ աշակերտներին, թե ինչի՞ մասին էր խոսվում տեսագրությունում։ Ես իմ պարտքն եմ համարում, որպեսզի այդ առումով հետևեմ նրանց», – ասաց մի ուսուցչուհի։
Իսկ մեկ այլ ուսուցիչ նշեց. «Իմ աշակերտների մեծ մասը պատճառաբանում է, որ տվյալ հեռուստաալիքը չունի: Կան նաև այնպիսինները, ովքեր ասում են, որ աչքերը ցավում է և երկար ժամանակ չեն կարող նայել, այդ իսկ պատճառով ես նրանց չեմ ստիպում»։
Jnews-ի հարցմանը մասնակցած ծնողների մեծ մասը տեղյակ չէր հեռուստանախագծի մասին, նրանց երեխաները չեն հետևում։
Միևնույն ժամանակ Ախալքալաքի շրջանում ծնողներ կան, որոնք իրենց երեխաների հետ միասին հետևում են բոլոր դասերին:
«Իմ աղջիկը երկրորդ դասարանում է սովորում, և ես միշտ իր հետ նստում և հետևում եմ, որ ինչ-որ բան չհասկանա, բացատրեմ։ Մենք հավանում ենք, շատ լավ նախագիծ է, իհարկե ուզում ենք, որ երեխան դպրոց գնա, բայց ինչ արած», – պատմեց 2-րդ դասարանի աշակերտի ծնող Աննան։
Մեկ այլ ծնող էլ ավելացրեց, որ իրենք ևս հետևում են, սակայն շաբաթվա ընթացքում մեկ օրը շատ քիչ է։
«Ես միշտ ուշադիր եմ, որ երեխաներս նայեն, սակայն շաբաթվա ընթացքում մեկ անգամը շատ քիչ է, լինում է շաբաթ, որ մոռանում եմ, որ նման բան կա։ Նաև խնդիր է այն, որ մի տեսադասը նախատեսված է երեք դասարանի համար, ավելի ցածր դասարանի աշակերտը չի հասկանում։ Օրինակ իմ որդին դեռ չգիտի, թե ինչ է կոտորակը, տեսադասում խոսում են կոտորակի մասին և ինձ ասում է, որ չի հասկանում ինչ է բացատրում»,- ավելացրեց նա։
Դասընթացներ չկան ռուսական դպրոցների աշակերտների համար և հիմա այն ծնողները, որոնց երեխաները ռուսական դպրոց են հաճախում, շաբաթական այդ մի օրն էլ չեն կարող հետևել։
«Մեր երեխան ռուսական դպրոց է հաճախում, մեզ համար ոչինչ չկա, դա անհավասարություն է», – ասաց մեկ այլ ծնող։
Կան նաև այնպիսի ուսուցիչներ, որոնց երեխաները նույնպես չեն հետևում հեռուստադասերին։
Հիշեցնենք, որ «Հեռուստադպրոց»-ի դասերը ներառում է ինչպես վրացալեզու, այնպես էլ՝ ոչ վրացալեզու սեկտորը (հայերեն, ադրբեջաներեն):
«Հեռուստադպրոցը» կրթության նախարարության և Վրաստանի Առաջին ալիքի համատեղ նախագիծն է, որն Առաջին ալիքով եթեր է հեռարձակվում մարտի 30-ից սկսած: Կրթության նախարարության հետ պատրաստվել է հատուկ դասացուցակ, որն ընդգրկում է ազգային ուսումնական ծրագրով նախատեսված առարկաները:
Հեռուստադասերն անցկացնում են տարբեր առարկաների փորձառու մանկավարժները: