Russian      Georgian

Այսօր, Վրաստանի ԿԳ փոխնախարար Լիա Գիգաուրին աշխատանքային այցով գտնվում էր Չունչխայի հանրային դպրոցում:

Փոխնախարարն անձամբ է ծանոթացել Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղի հանրային դպրոցում տիրող իրավիճակին: Հանդիպմանը ներկա են եղել Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման և Կրթական կենտրոնի ներկայացուցիչները:

«Շնորհիվ Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների և Կրթական կենտրոնի արդյունավետ համագործակցության, Չունչխայի հանրային դպրոցում ուսումնական գործընթացը չի ընդհատվել: Դասերն այժմ ընթանում են գյուղապետարանի կողմից հատկացված շենքում, որը կահավորվել է դպրոցական պարագաներով: Ուսումնական պրոցեսն ընթանում է սահուն կերպով, քանի որ շատ արագ գտնվել է այլընտրանքային շենք: Դասերի անխափան և արդյունավետ անցկացման համար ստեղծվել են բոլոր պայմանները»,- հայտնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել էր Չունչխայի հանրային դպրոցի փայտաշեն մասնաշենքը, որտեղ տեղավորված էր 3 դասարան, դրպոցի գրադարանը և լաբորատորիան: Ամբողջովին այրվել է դպրոցական գույքն ու գրադարանը:

Լուսանկարը՝ Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կայքից: