Նորոգման նպատակով Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին արդեն մեկ շաբաթ է ինչ փոսեր են փորվել: Դեռ դրանց լցման աշխատանքների ժամանակը չի եկել, արդեն այդտեղ վնասվել են շատ մեքենաներ:
Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին մեկ շաբաթ առաջ սկսվեցին նորոգման աշխատանքները, բայց այն ժամանակ միայն փոսեր փորեցին, դրանց ասֆալտապատման մասին մենք իմացանք միայն այսօր` օրվա երկրորդ կեսին, մինչև հոդվածի հրապարակումը:
Նինոծմինդա-Ախալցիխե երթուղու վարորդի խոսքով փոսերը փորել են մեկ շաբաթ առաջ, բայց դրանից հետո ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն տարվել:
Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհը սպասարկում է ՍՊԸ «ՋավախԱվտոԳզան»:
Վերանորոգման նպատակով փորված փոսերը ցանկացած րոպե կարող են ստեղծել վթարային իրավիճակ:
Մի տաքսու վարորդ, ով չցանկացավ նշել իր անունը, հազիվ է կարողացել ավտոմեքենան փրկել ու չգլորվել գետը` ճանապարհի Խանդո-Ախալքալաքի տեղամասում նոյեմբերի 14-ին երեկոյան` նման «կտրված» փոսերի պատճառով:
Միանգամից կոտրվել է մեքենայի շառավոյը:
«100-150 լարի ծախսեցի մեքենան վերանորոգելու համար: Չհաշված այն, որ իմ ուղևորները մնացին ճանապարհին, ով ինչպես կարողացավ հասավ Ախալքալաք: Մենք չենք կարող հիշել բոլոր փոսերը: Մութ էր, չէր երևում: Այնտեղ ոչ մի զգուշացնող նշան էլ չկար», – ասում է վարորդը:
Պավել Խմալաձեն նույնպես աշխատում է Նինոծմինդա-Ախալցիխե երթուղու վրա, նա նույնպես գոհ չէ սպասարկող կազմակերպության աշխատանքներից:
«Ինչ արեցին նրանք, եղած փոսերը ավելի խորացրին ու լայնացրին, կտրուկ անկյուններով և այդպես էլ թողեցին: Ավտո վարելը այդտեղ ռիսկային է: Գոնե մանրաքար լցնեին: Հաճախ հնարավոր չի տեսնել առջևում գնացող ավտոմեքենան, չես հասցնում անցնել նրանից և ընկնում ես փոսի մեջ: Ես անվադող էլ եմ փչացրել, ամորտիզատոր` էլ»,- գանգատվում է Պավել Խմալաձեն:
Ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսային զանգերին «ՋավախԱվտոԳզա» ընկերության աշխատակիցները չէին պատասխանում:
Ականատեսների խոսքերով նոյեմբերի 16-ին նշված ճանապարհին երևացին նշաններ:
Վարորդ Մարտին Մոսոյանը նոյեմբերի 16-ին իր սովորական երթուղով երթևեկել է, և արդեն ճանապարհին նշաններ են եղել:
«Շատ վնասներ ենք կրել այդ փոսերից, լավ է, որ գոնե այսօր նշաններ են տեղադրել», – ասում է նա:
Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին առկա իրավիճակին ծանոթանալու համար մենք չկարողացանք կապվել այն սպասարկող ՍՊԸ «ՋավախԱվտոԳզայի» հետ: Օրվա տարբեր ժամերին մեր զանգերը մնացին անպատասխան: Օրվա երկրորդ կեսին վարորդներից տեղեկացանք, որ արդեն ընթանում է այդ կտրտված ճանապարհահատվածների ասֆալտապատումը:
Շուշան Շիրինյան