«Դիմակները և սոցիալական հեռավորությունը մեր կյանքի մի մասն են», – ասել է Գիորգի Գախարիան՝ հայտարարելով արտակարգ դրության որոշ սահմանափակումների վաղաժամկետ վերացման մասին: Երկրորդ պլանից տնտեսական վերականգնումն արդեն անցել է առաջին, բայց քաղաքացիները չպետք է թուլանան և պետք է հետևեն բոլոր հանձնարարականներին՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Այսօր, մայիսի 4-ին հատուկ հայտարարության ընթացքում վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Վրաստանում մի շարք սահմանափակումների վերացման մասին՝ նշելով, որ ռեժիմի մեղմացումը հիմնված է երկրի համաճարակաբանական տվյալների վերլուծության վրա:
«Երկրորդ ճակատից տնտեսության վերականգումը մղվում է առաջին պլան, բայց բոլոր հանձնարարականները պետք է պահպանվեն: Այս բոլոր զիջումները, որոնց մենք գնում ենք, արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվությամբ մոտենա իր առօրյա կյանքին և գործունեությանը», – հայտարարել է վարչապետը:
Նա նաև հայտարարել է, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ խումբը, որը ստուգումներ է իրականացնում ընկերություններում, պարզելու համար, թե դրանք համապատասխանո՞ւմ են համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ գործունեությանը, կշարունակի իր գործունեությունը, և ընկերությունները պարտավոր են պահպանել ինչպես ստուգումների արդյունքում, այնպես էլ կառավարության որոշմամբ բոլոր նրանց տրված հանձնարարականները:
Նշենք, որ մայիսի 5-ից հանվում են ավտոտեխսպասարկման ընկերությունների գործունեության, շինարարության հետ կապված բոլոր ընկերությունների գործունեության սահմանափակումները, ինչպես նաև Բաթումիում և Քութայիսիում տեղաշարժման սահմանափակումները, իսկ շաբաթվա վերջում, ամենայն հավանականությամբ, կբացվեն Թբիլիսի և Ռուսթավի քաղաքները: