Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատկեղենի ցանքը հետաձգվեց ցրտոտ գարնան պատճառով, եթե ամեն տարի այս ժամանակ հացահատկեղենի ցանքն արդեն ավարտված էր, ապա այս տարի կան գյուղեր, որտեղ դեռ չեն էլ սկսել: Նաև այս տարի մունիցիպալիտետում սովորականից ավելի շատ մարդիկ սկսել են հող մշակել, քանի որ շատերը չեն կարողացել գնալ արտագնա աշխատանքի:
Կավելանան հացահատիկի ցանքատարածությունները մունիցիպալիտետում, թե ոչ, դեռևս դժվար է ասել, թեև այս տարի դաշտերը մշակող մարդկանց քանակը շատացել է, բայց ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ չկան:
Ֆերմեր Անդրանիկ Մուրադյանը Չամդուրա գյուղից է: Այս գյուղից հիմնականում, շատ մարդ չի գնում խոպան և զբաղվում են գյուղատնտեսությամբ: Անդրանիկն այս տարի նույնքան գարի է ցանել, որքան անցած տարի:
«Այս տարի ես ցանել եմ նույնքան, որքան նախորդ տարի: Ես արդեն ավարտել եմ ցանքսը: Մեր գյուղում ով ինչքան հողատարածք ուներ, այդքանն էլ մշակել է: Իսկ ընդհանրապես, մեզ մոտ միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ երբ մեկնել են Ռուսաստան»: – ասում է ֆերմեր Անդրանիկ Մուրադյանը:
Խոշոր ֆերմերներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասում է, որ այս տարի նա ընդլայնել է գարու դաշտերը, իսկ եթե նա իմանար, որ այսպես կլինի, աշնանն ավելի շատ ցորեն կցաներ:
«Ես քչացրել եմ կարտոֆիլի դաշտերը, բայց լավացրել եմ որակը, տնկել եմ նոր լավ սերմեր: Ես նաև ցորեն ու գարի եմ ցանել: Աշխատանքներն արդեն ավարտել եմ», – ասում է նա:
Ֆերմերը նաև ավելացրեց, որ մեր տարածաշրջանը գյուղատնտեսական մթերքների կարիք չի ունենա, համենայն դեպս գոնե այստեղ աճեցվող մթերքների, նա նաև ասում է, որ մարդկանց կարիք չկա անհանգստանալու, «մեր մոտ սով չի լինի»:
Ախալքալաքի շրջանում կան գյուղեր, որտեղ դեռ չեն ավարտել սերմնացանը, քաղաքից հեռու գտնվող, բարձրալեռ գյուղերում նույնիսկ չեն էլ սկսել:
Արման Հարությունյանը Ղադո գյուղից է: Այս տարի նա ավելի շատ գարի է ցանել, թեպետ դեռ չի ավարտել: Նրա խոսքերով, եղանակային պայմանները խանգարեցին, սակայն մոտ օրերս նա կավարտի:
«Այս տարի ես 30 հար գարի եմ ցանել, անցյալ տարի ցանել էի 25 հար: Մեր գյուղացիները շատ քիչ հող ունեն, ամբողջ հողը մշակվում է: Միայն մի քանի հոգի, խոշոր հողագործները հողատարածք են վարձում այլ վայրերում: Այս տարի երիտասարդները չկարողացան գնալ արտագնա աշխատանքի և դա է պատճառը, որ բոլորը սկսեցին հողագործությամբ զբաղվել, հող մշակել », – ասում է Արման Հարությունյանը:
Քանի դեռ տարածաշրջանում հացահատիկային մշակաբույսերի ցանքսը չի ավարտվել, անհնար է ասել հացահատիկի ցանքատարածությունների աճման կամ նվազման մասին: