Ախալքալաքում գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ազոտական պարարտանյութի գինը գրեթե կրկնակի թանկացել է։

Jnews-ը Ախալքալաքում ազոտական պարարտանյութ վաճառող կետերից փորձեց պարզել, թե ինչ արժե մեկ պարկ ազոտական պարարտանյութի գինը: Մեր փոքրիկ ուսումնասրիությունից պարզ դարձավ, որ մեկ պարկ ազոտի գինը տատանվում է 70-75 լարիի սահմաններում: Համեմատած նախորդ տարվա հետ, այն բավականին բարձր է:

Վրաստանում արտադրված ազոտը, որի արժեքը կազմում էր 40-45 լարի, գրեթե կրկնակի թանկացել է, որը Ախալքալաքի գյուղատնտեսների համար շատ բարձր գին է:

Ֆերմեր Մախարե Մացուկատովը կարծում է, որ պայմանավորված թանկացումներով շատ գյուղատնտեսներ նախորդ տարիների հետ համեմատ ավելի քիչ քանակությամբ կմշակեն կարտոֆիլ:

«Չնայած բոլոր հանգամանքներին ես խորհուրդ եմ տալիս պարտադիր մշակել կարտոֆիլ և ցորեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանց առկայությունը հատկապես մեր շրջանում կենսական կարևոր նշանակություն ունի: Ժամանակ է եղել, երբ կարտոֆիլ մշակելու շնորհիվ մարդիկ սովի չեն մատնվել»:

Մախարե Մացուկատովի կարծիքը կիսում են նաև մեզ հետ զրուցած շատ գյուղատնտեսներ՝ նշելով, որ կարտոֆիլի վաճառքը բարդ է, իսկ ազոտի գինը շատ թանկ:

Կարտոֆիլ և այլ մշակաբույսեր մշակող գյուղատնտեսները ծանրութեթև են անում՝ դաշտերը մշակե՞ն, հողը գոմաղբով կպարարտացնե՞ն, թե սպասեն պետության քայլերին:

Լիդա Ալմասյան