Այս տարի Ախալքալաքի կարտոֆիլի պահանջարկը մեծացել է: Ներկայիս դրությամբ գինը հասել է 1.10 լարիի: Վերջին 7-8 տարվա ընթացքում նման գին չի եղել: Հաճախորդները հերթ են կանգնել: Անդադար անձրևների պատճառով կարտոֆիլը չեն կարողանում հավաքել:

Ախալքալաքցիների համար այս գյուղատնտեսական տարին բարեհաջող է, կարտոֆիլի բերքը լավ է, կարտոֆիլի պահանջարկը մեծ է, գինը նույնպես նախորդ տարիների համեմատ բարձր է: Շրջանում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է սեպտեմբերի վերջին: Ի ուրախություն հողագործների, իրացման հետ կապված դեռ խնդիրներ չկան: Համապատասխանաբար աճել է կարտոֆիլի արտահանումը Վրաստանից: Կարտոֆիլը գնում են Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա արտահանելու համար:

Գյուղերում մեծ մեքենաները հերթ են կանգնում կարտոֆիլի համար, որոշները սպասման մեջ են՝ կայանել են Ախալքալաքի բերդի մոտակայքում: Մեքենաները մի քանի օր է սպասում են և փնտրում են կարտոֆիլ վաճառողներին, սակայն եղանակային պայմանները ֆերմերներին խանգարում են հավաքել իրենց բերքը:

«Մենք վարորդ ենք Բորժոմիից ենք, մեզ վարձել են Ռուսաստան կարտոֆիլ տանելու համար: Սա առաջին անգամն է, որ կարտոֆիլ եմ տանում, ինձ վարձել է բրոքերային ընկերությունը», – ասաց վարորդներից մեկը:

kartol2

Կայանած մեքենաները սպասում են ամբողջովին բեռնվելուն: Մեքենաները հիմնականում ռուսական համարներով են, բայց կան նաեւ վրացական պետհամարանիշներով մեքենաներ:

Ռուդիկ Փամբուխչյանը զբաղվում է Ռուսաստան կարտոֆիլ արտահանմամբ: Նա արդեն 5 մեքենա ուղարկել է Ռուսաստան:

«Սկզբում կարտոֆիլը գնում էի 75-80 թեթրիով, Ռուսաստանում վաճառում էինք 1.50 լարիով, 1.60 լարիով: Եղանակը վատացել է, մեկ շաբաթից ավել է սպասում ենք, մեքենան լիքը չէ, կարտոֆիլի բերքահավաքը կանգ է առել, մենք չենք կարող մեքենան բեռնավորել: Գինը բարձրացրել են մինչև 1 լարի, ես ստիպված եմ գնել ումից պատահի, որպեսզի չսպասեմ: Մենք չգիտենք, թե ինչ ենք անելու, վախենում ենք վնասի մեջ լինել: Սպասելը շահավետ չէ, վախենում ենք նաև թանկ գնելուց », – ասում է Ռուդիկ Փամբուխչյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում հավաքվել է կարտոֆիլի բերքի մոտ 30% -ը: Պահանջարկը մեծ է, բայց եղանակը թույլ չի տալիս ֆերմերներին շարունակել կարտոֆիլի բերքահավաքը:

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից գյուղի զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի տեղեկա֊ խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն չի բացառում կարտոֆիլի գնի անկում և կարծում է, որ Ախալքալաքի կարտոֆիլի մեծ պահանջարկը պայմանավորված է հարևան երկրներում վատ բերքով:

«Մունիցիպալիտետում կարտոֆիլի միջին բերքատվությունը նախորդ տարի 1 հա -ից 17 տոննա էր, այս տարի մենք նույնպես սպասում ենք նման բերքի: Շրջանում ցանված է մոտ 10 000 հա կարտոֆիլ և սպասում ենք միջինը 180 000 տոննա բերք », – ասում է Ռամազ Գոգոլաձեն։

Որոշ ֆերմերներ մտադիր են կարտոֆիլը պահել մինչև գարուն, ակնկալելով թանկացում գարնանը, սակայն ոմանք, ընդհակառակը, վաճառում են այն, քանի որ դրանում վստահ չեն:

Ռամազ Գոգոլաձեն չի կարող կանխատեսումներ անել:

«Ոչ ոք չգիտի, թե ինչ գին կլինի գարնանը: Փետրվարին բերքն արդեն կհավաքեն Եգիպտոսում և Իսրայելում, և գուցե գինը ընդհանրապես չբարձրանա», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

Սպասելով եղանակային պայմանների բարելավմանը արտահանողները վախենում են կարտոֆիլի գների բարձրացումից, իսկ ֆերմերները, ընդհակառակը՝ իջեցումից: