Այս տարի Ջավախքում ձմեռն առանց տեղումների էր և համեմատաբար տաք։ Հողագործներն անհանգստացած են, թե ինչպես դա կանդրադառնա գյուղատնտեսական սեզոնի վրա: Ինչպես ներկայիս եղանակը կարող է ազդել գյուղատնտեսության վրա, և ինչի մասին պետք է մտահոգվի հողագործը, պարզաբանում է գյուղատնտես Եղիշ Աղաջանյանը։
Նման տաք ձմեռներ Ջավախքը վաղուց չի հիշում։ Լեռներում ու դաշտերում ձյուն գրեթե չկա։ Ձմեռվան բնորոշ սպիտակ տեսարանի բացակայությունը հողագործներին անհանգստացնում է: Հիմնականում նրանք անհանգստանում են, որ լեռնային աղբյուրները պաշարներ չեն կուտակի, և ոռոգման սեզոնին կարող են խնդիրներ առաջանալ։
Գյուղատնտեսության վրա եղանակի հնարավոր ազդեցության մասին Jnews-ը զրուցեց գյուղատնտես Եղիշ Աղաջանյանի հետ։
«Բնությունը միշտ լրացնում է իր բացը, եթե ձմռանը տեղումները նորմայից ցածր են, պետք է սպասել գարնանը, անձրեւներին, նշանակում է՝ շատ անձրեւներ կլինեն։ Փորձը ցույց է տալիս, որ տեղումների քանակը միշտ լրացվում է ամբողջ տարվա ընթացքում, տարբեր եղանակներում, տարվա ընթացքում տեղումների քանակը պահպանվում է կա՛մ ձյան, կա՛մ անձրեւի տեսքով»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Վերջինիս խոսքով, կարտոֆիլի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների բերքի համար անհանգստանալու կարիք չկա, բայց արժե անհանգստանալ աշնանացանի համար։
«Ձյան ծածկ չկա, ցրտահարությունների վտանգը մեծ է։ Եթե եղանակը երկար մնա -10 աստիճան և բարձր, ապա բերքը չի դիմանա։ Կան տեղեր, որոնք դեռ պահպանվում են, հիմնականում խնդիրը սրա մեջ է: Իմ շրջապատում շատերն են այս տարի աշնանացան ցանել»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։