Վրաստանի Կառավարությունում նախարարների մեծամասնությունը և նրանց տեղակալները բանկային վարկեր ունեն, այս մասին հայտնում է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ՀԿ-ն:
Ընդհանուր առմամբ, Վրաստանի կառավարությունում կա 11 նախարար և 52 փոխնախարար: 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ կառավարության անդամներից 40-ը կամ նրանց ամուսնինները բանկային պարտավորություններ ունեն: Բացի այդ, նրանցից 20-ը անձամբ կամ ամուսինների միջոցով կապված են ձեռնարկատիրական գործունեության հետ:
ՀԿ-ն նշում է, որ պաշտոնյաները նախընտրում են վարկեր վերցնել դոլարով և եվրոյով, հիմնականում «Վրաստան բանկից»:
Ամենամեծ բանկային պարտավորությունն ունեցող տասը պաշտոնյաների ցանկում է Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: Նա 15 տարի ժամկետով ունի երկու հիփոթեքային վարկ երկու տարբեր բանկերում՝ «ԹիԲիՍի» բանկում՝ 325 հազար եվրո, իսկ «Վրաստան բանկում»՝ 185,2 հազար ԱՄՆ դոլար:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հիփոթեկային վարկ ունի` «Վրաստան բանկում» 14 տարի ժամկետով 115 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի վարկը համեմատաբար ավելի քիչ է: Հինգ տարվա ընթացքում նա պետք է վճարի 80 հազար ԱՄՆ դոլար՝ «Վրաստանի բանկում»:
Ամենամեծ չափով վարկ տրվել է Գյուղատնտեսության փոխնախարար տեղակալ Գիորգի Խանիշվիլիին: Նա «ԹիԲիՍի» բանկում ունի 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, որը նա պետք է մարի 15 տարվա ընթացքում:
ՀԿ-ն որոշել է հրապարակել կառավարության անդամների ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն համարելով հետաքրքիր հանրության համար:
Հաղորդագրությունում նշվում է, որ տվյալները վերցվել են պաշտոնական, բաց աղբյուրից` Վրաստանի պաշտոնյաների եկամուտների և գույքի կարգավիճակի մասին հայտարարագրերի տվյալների բազայից (www.declaration.gov.ge):