Վաղվանից թույլատրվում է երթևեկել թեթև մարդատար ավտոմեքենաներով, ինչպես նաև տաքսիներով: Թույլատրվում է առցանց գնումները: Կգործեն ցանկացած արտադրանքի և բաց տիպի ագրարային շուկաները: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:
Վարչապետի խոսնակը մանրամասնել է, որ այդ սահմանափակումները կվերացվեն ամբողջ երկրում, բացառությամբ այն մարզերի և վարչական տարածքների, որտեղ գործում են խիստ կարանտինի սահմանափակումներ:
«Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ այս ամենը վերաբերում է այն ընկերություններին և հաստատություններին, որոնք համապատասխանում են Առողջապահության նախարարության կողմից մշակված կանոններին», – ասել է Իրակլի Չիքովանին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնի է, ապրիլի 15-ի ժամը 21:00-ից արտակարգ դրության պայմաններում արգելվում է մուտք գործել կամ լքել Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութայիսի քաղաքներ:
Այնուամենայնիվ, ապրիլի 27-ին և 28-ին, որպես բացառություն, թույլատրվում է մուտք գործել այս խոշոր քաղաքներ և լքել այդ քաղաքները գրանցման վայր վերադառնալու նպատակով:
Միևնույն ժամանակ, Իրակլի Չիքովանին նշել է, որ համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա վերացված սահմանափակումները կարող են կրկին սահմանվել, ինչպես նաև հնարավոր է վերանայվի յուրաքանչյուր հաջորդ փուլի ժամկետը:
«Արտակարգ դրության պայմաններում կիրառված բոլոր մյուս սահմանափակումները մնում են ուժի մեջ: Այդ թվում, կրկին գործում է պարետային ժամը՝ 21:00-ից մինչև 06:00-ն: Հարկ եմ համարում նշել, որ հնարավոր է վերացված սահմանափակումները կրկնվեն, ինչպես նաև հնարավոր է վերանայվեն յուրաքանչյուր հաջորդ փուլի ժամկետները», – հայտարարել է Իրակլի Չիքովանին: