Եվրամիության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ ևս 2,2 միլիոն լարի (մոտ 700 հազար դոլար) կհատկացվի Վրաստանում ֆերմերներին օգնելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
50 դրամաշնորհ կտրվի Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եվրոպական ծրագրի (ENPARD) շրջանակներում: Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի հետևյալ ոլորտներին՝ բանջարեղեն, հացահատիկ, կարտոֆիլ, միս, կաթ, ինչպես նաև մեղրի և գինու արտադրության ուղղությամբ:
Շահառուներ կարող են դառնալ ինչպես ֆերմերները, այնպես էլ արտադրողները, նաև փոքր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Դրամաշնորհները նախատեսված են կապիտալ ներդրումներ իրականացնելու համար. Ջերմոցների բարեկարգում, տրակտորների կամ գյուղատնտեսական այլ սարքավորումների ձեռքբերում: ENPARD-ի շրջանակներում ֆինանսավորվում է այս ներդրման 40-60%-ը: Արդեն հաստատված ներդրումների ծավալը գերազանցում է 5 միլիոն լարին:
Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կարլ Հարցելը նշել է, որ այս ծրագիրը հատկապես կարևոր է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ երկրին անհրաժեշտ է աջակցել ու պահպանել սննդի անվտանգությունն ու կայունությունը:
«Այս մարտահրավերների ընթացքում ԵՄ-ն շարունակում է մնալ Վրաստանի կարևոր գործընկերը: FAO-ի հետ միասին մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի վրացի ֆերմերներն ու արտադրողները կարողանան շարունակել իրենց գործունեությունը առանց խոչընդոտների», – հայտարարել է Հարցելը:
FAO-EU ծրագրերի համակարգող Խավիեր Սանս Ալվարեսը հայտարարում է, որ նրանք կշարունակեն աջակցել վրաց ֆերմերներին, չնայած վերջերս առաջացած դժվարին մարտահրավերներին:
«Մեր ֆերմերներին աջակցությունը կենսական նշանակություն ունի: Հիմա գարուն է և գյուղատնտեսական գործընթացն է ընթանում, հողերի մշակումը չպետք է դադարի, որպեսզի թույլ չտալ երկրում դեֆիցիտ առաջանա: Մենք կշարունակենք աջակցել երկրին այս ուղղությամբ», – ասել է Ալվարեսը:
Հետաքրքրված կողմերը ENPARD դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ կարող են տեղեկատվություն ստանալ և հայտադիմում ներկայացնել այս կայքում:
ENPARD ծրագիրը մշակվել է Վրաստանի կառավարության կողմից՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է փուլերով: Դրա ընդհանուր բյուջեն կազմում է 179,5 միլիոն եվրո: ENPARD-ի հիմնական նպատակն է ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ վրացական գյուղերի բնակիչների համար և հաղթահարել աղքատությունը: