Թուրքիայի Կարս նահանգում, Վրաստանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին ասվում է Ազգային սեյսմիկ դիտարկման կենտրոնի կայքում:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 09:39-ին՝ 6 կիլոմետր խորության վրա:
Չկան տեղեկություններ փլուզումների կամ վնասվածների մասին: Երեքշաբթի օրը, Վրաստանում երեք րոպե տարբերությամբ միանգամից գրանցվել է երկու երկրաշարժ: Տեղական ժամանակով 05:17-ին Օնի քաղաքից 14 կմ հեռավորության վրա գտնվող Մարթգաջինա գյուղում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ երեք րոպեից հետո նաև ցնցումներ են գրանցվել, սակայն արդեն 3.3 մագնիտուդ ուժգնությամբ՝ ոչ հեռու Սաչխերե քաղաքից (Իմերեթիի շրջան).
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է 7 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 1991 թվականին՝ Ռաճայի եւ Իմերեթիի շրջաններում (Արեւմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ինտենսիվությունը 9 բալ է եղել: Այս երկրաշարժը պատճառ դարձավ մոտ 200 մարդու մահվան, կործանվեցին մոտ 46 հազար տուն եւ 1000 արդյունաբերական օբյեկտներ: