Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն։ Եկեղեցու զանգերի ղողանջի ներքո լուսավորվել է միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է, որ Հայոց Ցեղասպանությունը «ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց է»:

«Ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության, ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր:

Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացվել Հայոց ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել, դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում»,- Ծիծեռնակաբերդից Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում ասել է վարչապետը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից»:

«Այդ մոտեցմամբ աշխարհն առաջ չի գնա: Մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ պայքարի մասին, մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցով «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ: Շատ պետություններ, որոնք մեծ շահեր ունեն Թուրքիայի հետ, հաղթահարել են այդ պատնեշը, և պետք է արժանին մատուցել նրանց», – ասել է նախագահը՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում:

Նշենք, որ աննախադեպ են նաև ապրիլի 24-ի միջոցառումները, երբ ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։

105 տարի անց համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում: Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է 1.5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվել Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթի բնակչությունը:

Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները: Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերություններն ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը: Մեկ դարից ավելի է անցել, սակայն Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: