Սերոլոգիական կամ արագ թեստերով կորոնավիրուսային վարակ է հայտնաբերեվել Վրաստանի ՆԳՆ մի քանի աշխատակիցների և բժիշկների մոտ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Էկատերինե Տիկարաձեն:
Ընդհանուր առմամբ, վարակը հաստատել են ՆԳՆ մի քանի աշխատակիցների և մոտ 20 բժշկի մոտ: Այնուամենայնիվ, նրանցից գրեթե բոլորը հիվանդությունն անց են կացրել ասիմպտոմատիկորեն:
«Մոտ 20 բժիշկների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Սա ինչ-որ չափով սպասելի էր, դրա հիման վրա նախատեսվել էր ալգորիթմ, որի համաձայն թեստավորվում են խմբի տվյալները: Ընդհանուր առմամբ, այս խմբերում իրավիճակը վերահսկելի է: Մենք ջանք չենք խնայում և աշխատում ենք անվտանգության բոլոր ստանդարտների իրագործման ուղղությամբ՝ այս բոլոր խմբերում անցկացնելով թրեյնինգներ, որպեսզի նրանք ավելի պաշտպանված լինեն: Հատկանշական է, որ նրանք հիվանդացել էին առանց ախտանիշների: Կանխարգելիչ միջոցառումներից ելնելով՝ բոլոր բժիշկները, ովքեր ունեցել են կորոնավիրուսային վարակ, վերահսկողության տակ են, որպեսզի կանխարգելեն նրանցից այլ մարդկանց վարակման դեպքերը», – հայտարարել է Տիկարաձեն:
Նախարարը նաև նշել է, որ «բանակում վարակ չի գրանցվել: ՆԳՆ մի քանի աշխատակիցների դեպքում դա հաստատվել է, բայց ոչ մի մտահոգիչ բան չկա»:
Տիկարաձեն հայտարարել է, որ նախատեսվում է անցկացնել դեղատների և մթերային խանութների աշխատակիցների պարտադիր թեստավորում, որոնք աշխատում են կարանտինային պայմաններում: Այնուամենայնիվ, առայժմ անհայտ է, թե կոնկրետ երբ կսկսվի նրանց թեստավորումը:
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թեստավորումն իրականացվում է լաբորատոր PCR թեստերի միջոցով, որը տևում է մոտ 6-8 ժամ: Վերջերս երկիրը ստացել էր սերոլոգիական կամ «արագ» թեստեր, որոնք կատարվում են տեղում՝ հայտնաբերելով արյան մեջ հակամարմինների առկայությունը: Նման թեստերի ճշգրտությունը կամ զգայունությունը չափազանց մեծ չեն, դրանք հաճախ չեն ֆիքսում հիվանդությունը՝ վարակի առաջին իսկ օրերից, ուստի ստացված տվյալները պահանջում են վերստուգում: Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նման թեստեր` խմբերում և համայնքներում համաճարակաբանական իրավիճակի դիտանցման համար: Բացի այդ, հակամարմինների առկայությունը ցուցադրող թեստերը որոշում են, արդյոք մարդը հիվանդացել է կորոնավիրուսով ասիմպտոմատիկորեն, թե չնչին ախտանիշներով:
Ապրիլի 23-ին, ժամը 19:00-ի տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուս ախտորոշվել է 420 մարդու մոտ, ապաքինվել է 111 հոգի, իսկ 5 մարդ մահացել է: Հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ գտնվում է 584 հոգի, իսկ կարանտինում՝ 5 223: