Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անհանգստացած է այն փաստից, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հաստատված կորոնավիրուսի վեց նոր դեպքերից չորսի դեպքում վարակի աղբյուրը չի հաստատվել:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում վեց նոր դեպք է հայտնաբերվել, որից չորս վարակակիրները չեն կարողացել բացատրել, թե երբ և որտեղ կարող էին վարակվել կորոնավիրուսով:
«Մենք վարակվելու վեց դեպք ունենք: Դա շատ չէ, բայց չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ հաստատված 6 նոր դեպքից 4-ի աղբյուրը հայտնի չէ։ Վարակման այս 4 դեպքերից 3-ը գտնվում են Թբիլիսիում, որոնց վարակի աղբյուրը մենք առայժմ չենք կարող որոշել», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` կառավարության նիստում:
Գախարիան կոչել է հանրությանը՝ չստեղծել սխալ պատկերացում, որ վիրուսը հաղթահարված է և զգոն լինել, որպեսզի երկիրը չզրկվի կորոնավիրուսի դեմ պայքարում իր ձեռքբերումներից: Ըստ նրա՝ վարակման այս 4 դեպքերը, որից 3-ի վարակվելու աղբյուրը չի հաջողվում հաստատել, շատ լավ օրինակ է, թե ինչ կարող է պատահել:
«Բոլորս պետք է լավ հասկանանք, որ 4 նոր դեպքերը, որոնց վարակի աղբյուրները ներկայումս անհայտ են, մեծ ռիսկ են ներկայացնում: Սրանք փաստորեն 4 նոր կլաստերներ են, որոնց մասին մենք ոչ մի պատկերացում չունենք, թե որտեղից և երբ է տեղի ունեցել վարակումը՝ ինչը, իհարկե մտահոգիչ է», — ասել է Գախարիան:
Փետրվար 26-ից հունիսի 11-ը Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը 831 է: Ըստ կայքի, այժմ կարանտինում գտնվում է 3 213 մարդ, հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ` 303, բուժվել է 694 հոգի, 13-ը` մահացել են:
Մայիսի 23-ից Վրաստանում չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ին հայտարարված արտակարգ դրությունը և պարետային ռեժիմը: Կարանտինային ռեժիմը պահպանվում է Բոլնիսիի շրջանի երկու գյուղերում՝ Մուշևանիում և Գետայում:
Գործող սահմանափակումների ցանկում ներառված են միջազգային ցամաքային, ծովային և օդային երթևեկության արգելքը, ինչպես նաև 10-ից ավելի մարդկանց հավաքը՝ ավանդական սոցիալական միջոցառումների ժամանակ (հարսանիքներ, հոգեհաց, տարեդարձեր և այլն):