Աստղազարդ երկինք, լճերի փայլփլուն հարթություններ, մարգագետինների և ծաղիկների կանաչապատ գորգ, ձյունածածկ լեռներ… շատերի համար տեսանելի չէ Ջավախքի բնության ողջ գեղեցկությունը, մասնագիտությամբ բժիշկ, բնության մեծ սիրահար նինոծմինդացի Ժորա Բդոյանը ոչ միայն տեսնում է այդ գեղեցկությունը, այլև ֆիքսում է այն տեսախցիկով՝ անմահացնելով բնության պահերը:

6

Կենտրոնից հեռու գտնվող փոքր քաղաքներում և գյուղերում կյանքի ձանձրույթից դժգոհելը սովորական երևույթ է: Մարդիկ միշտ ձգտում են մեծ քաղաքներ, որտեղ կան ավելի շատ հնարավորություններ, զվարճանքներ և ասֆալտ, սակայն տեղափոխվելով ապրելու մեծ քաղաքներում, որոշակի ժամանակ անց սկսում են զգալ կարոտ, ընկնել հիշողությունների գիրկը, նրանց ձգում է այնտեղ, որտեղ սնունդն ավելի համեղ է, օդը` ավելի մաքուր, կյանքը` ավելի հեշտ, և բնությունը` բնական, գեղատեսիլ: Ժորա Բդոյանը սկսեց տեսնել այս գեղեցկությունը 20 տարի առաջ:

5

3

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

«Իմ հայրը լուսանկարիչ էր, բայց նա լուսանկարում էր ոչ թե բնությունը, այլ մարդկանց: Նա ունի լուսանկարչական ստուդիա: Սերը դեպի լուսանկարչությունը հորիցս եմ ժառանգել: Թե լուսանկարչությունը, թե թրեքինգն իմ սիրելի զբաղմունքներն են, բայց ես ուզում եմ պրոֆեսիոնալ զարգացնել լուսանկարչությունը, թողարկել ալբոմ` Ջավախքի լանդշաֆտներով: Այդ նպատակով ես անցնում եմ վեբինարներ, կարդում եմ գրքեր, մասնակցում եմ վարպետաց դասերի, սովորում եմ, թե ինչպես մշակել լուսանկարները` պրոֆեսիոնալ դառնալու համար: Լուսանկարել սկսել եմ սովորական ֆոտոխցիկներով, այնուհետև՝ հեռախոսով, ապա ձեռք եմ բերել պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ և ամեն անգամ ավելի ու ավելի էի խորանում այս գործում: Հիմա լուսանկարում եմ Nikon D810 տեսախցիկով՝ լավ ոսպնյակներով: Ժամանակս սուղ է, ես ատամնաբույժ եմ, բայց որքան հնարավոր է զարգանում եմ այս ուղղությամբ, ես խորհրդակցում եմ լուսանկարիչների հետ»:

2

4

Ջավախքի գեղատեսիլ վայրերը

«Ինձ համար շատ հետաքրքիր է Ջավախքի բնությունը, ես կենտրոնացած եմ դրա վրա: Սա ոչ միայն Նինոծմինդան և այս կողմերն է, այլև Ախալքալաքը և Ասպինձան: Ինձ համար Ախալքալաքում շատ հետաքրքիր վայրեր կան: Ես դեռ չեմ եղել Ջուբարեթի անտառներում: Այն վայրերից, որտեղ ես արդեն եղել եմ, հետաքրքիր էր Քյորօղլի ամրոցը, Շաորի ամրոցը: Հնում այնտեղ դիտում էին արևը և աստղերը, դա կարծես ինքնատիպ աստղադիտարան լիներ: Բայց ես ամենից շատը տպավորվեցի մի դեպքից: Մի անգամ մենք այցելել էինք Ազավրեթ գյուղի հետևում գտնվող սարեր: Մենք հասանք այնտեղ գիշերը: Այնքան գեղեցիկ էր, աստղերը պայծառ լուսավառվում էին երկնքում և ներքևում, երբ նայում էինք, կրկին աստղեր կային, ամեն ինչ փայլում էր: Դա ուղղակի զարմանահրաշ էր: Եվ պարզվեց, որ սարերի տակ կային Լուսատիտիկ-կաղամարներ, բյուր, անհամար լուսատիտիկներ»:

1

«Եվս մեկ բնատեսարան ինձ հիացրեց: Մի անգամ բարձրանում էինք Աբուլ լեռան գագաթը: Մենք գիշերեցինք այնտեղ վրաններում: Առավոտյան ժամը 4-ն էր, արթնացանք պայծառ լույսից և հայտնվեցինք ամպերից վերև, նրանք մեզանից մոտ 100 մետրից ցած էին: Լուսնի լույսն այնքան ուժեղ էր, որ արտացոլվում էր ամպերի մեջ: Ափսոս, որ այդ ժամանակ ես չունեի ֆոտոխցիկ: Այնպիսի բնապատկեր էր, որը ես երբեք չեմ մոռանա իմ կյանքում: Հենց այդ ժամանակ էլ գաղափարն առաջացավ լուսանկարել այս գեղեցկությունը, ես դա տեսել էի, բայց ես ուզում էի մարդկանց էլ ցույց տալ այդ գեղեցկությունը, քանի որ շատերը զրկված են դրանից՝ լեռան գագաթը բարձրանալու հնարավորությունից: Ես չէի ցանկանում հիանալ այս գեղեցկությամբ մենակ»:

Ճանապարհորդի՛ր գեղեցկությունը տեսնելու համար

«Մենք մոտ 10-15 հոգի ենք, բոլորս սիրում ենք թրեքինգ: Հիմնականում որսորդների հետ ենք բարձրանում: Նրանք, ովքեր կարծում են, որ Ջավախքը ձանձրալի տեղ է և առանց գեղեցիկ բնության, չարաչար սխալվում են: Նման մարդիկ մտածում են, որ գեղեցիկ բնություն կարող են տեսնել` նայելով տան պատուհաններից, դա այդպես չէ: Ջավախքի բնության գեղեցկությունը տեսնելու համար պետք է մի փոքր տանջվել, քայլել, բարձրանալ, իջնել: Ջավախքի գեղեցիկ վայրերի շուրջ 70%-ը ես դեռ չեմ տեսել, բայց անպայման կտեսնեմ»:

7

Պրոֆեսիոնալ տուրիզմ

«Կային տեղական տուրիստական կազմակերպություններ, որոնք առաջարկում էին զբոսաշրջիկներին տանել էքսկուրսիաների, քանի որ ես ամեն ինչ ունեմ քայլարշավների համար՝ վրաններ, քնապարկեր, դահուկներ և այլն: Բայց ես ժամանակ չունեմ անընդհատ դրանով զբաղվելու համար, որովհետև ունեմ մշտական աշխատանք: Դրանով զբաղվել, սակայն, կարելի է՝ բերել հատուկ մեքենաներ և այլն: Ես կարող եմ դա անել, քանի որ գիտեմ այնպիսի տեղեր, որտեղ դու չես կարող տարբերակել՝ դա ավստրիական լեռներն է, թե՞ Ջավախքը»:

8

Քրիստինե Մարաբյան