Մարիաննա Կարապետյանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից է: Չնայած երիտասարդ տարիքին մեր հերոսուհին հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել, որոնք նպաստել են իր գյուղի և շրջանի զարգացմանը, կրթական առումով առաջխաղացմանը: Նրա նպատակն է իր աշխատանքով օգնել մարդկանց սովորել պետական լեզուն և խուսափել այն խնդիրներից, որոնք բխում են լեզվի չիմացությունից:
Մարիաննան կրթություն է ստացել Ջիգրաշենի միջնակարգ դպրոցում, որտեղից էլ սկսվել են նրա առաջին ակտիվությունները: Մասնակցելով դպրոցական օլիմպիադաների և մրցույթների, գրանցել է իր առաջին հաղթանակները, ստանալով՝ հավաստագրեր ու մրցանակներ:
Ինչպես նա է նշում՝ դպրոցահասակ տարիներին ամենամեծ հաղթանակը, որը մեծ մոտիվացիա էր տվել աղջկան, ՎՀՕՄ-ի կողմից կազմակերպված «Ինչ եմ ուզում դառնալ» թեմայով շարադրության մրցույթն էր, որտեղ մոտ 200 մասնակիցներից նա զբաղեցրել է առաջին տեղ: Ինքն իրեն ապացուցելով, որ քրտնաջան աշխատանքն արդյունք է տալիս:
Մարիաննան պատմում է, որ հասարակության կողմից միշտ լսել է այն կարծիքը, որ սովորելը աշխատանքի երաշխիք չէ և ոչ էլ բավական կարևորություն ունի մարդու կյանքում:
«Երբ դեռ կայացած չես և ոչ էլ բավական գիտակից վերլուծություն անելու համար, հասարակության այդպիսի բացասական կարծիքը հեշտությամբ կարող է ազդել, կոտրել երազանքներդ, հատկապես, երբ օրինակ են բերում, որ այ տես սովորել է, բայց չունի աշխատանք: Կամ աղջիկ ես, ուրեմն առնվազն ուսուցիչ կկարողանաս դառնալ, շատ անգամներ եմ լսել այդպիսի խոսքեր, բայց համոզված եմ, որ եթե հոգու խորքում երազանքներ ու հավատ ունես, ապա այդ հոսանքը քեզ չի կարողանա իր հետ տանել»:
Մեր հերոսուհին պատմում է, որ իր շրջապատից գրեթե բոլորը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով գնում էին Երևան, ինքը նույնպես սկզբնական շրջանում որոշել է միանալ ընկերներին, բայց հասկացել է, որ վրացերենի իմացությունը պարտադիր է հասարակության լիիրավ անդամ լինելու համար: Այդ իսկ պատճառով որոշել է կրթությունը շարունակել Վրաստանում և 2015 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան:
«Քանի որ դպրոցում վրացերենից միայն տարրական գիտելիք էի ստացել, հայտնվելով վրաց հասարակությունում հասկացա որ դա շատ քիչ է: Որոշեցի ամեն կերպ աշխատել ինքնազարգացման վրա և այս անգամ էլ համառ պայքարը բերեց նրան, որ կարողացա հաղթահարել բոլոր խոչընդոտները և ստանալ մասնագիտություն՝ ոչ հավասար պայմաններում մրցակցել շատ ուսանողների հետ ու իրականացնել բոլոր այն նպատակները, որոնք ինքս էի իմ առաջ դրել»:
Ուսանողական տարիներին առաջի մեծ նախագիծը, որին Մարիաննան մասնակցել է, «1+4» կրթական ծրագիր շահառուների համար ստաժավորման ծրագիրն է եղել, որի շրջանակներում ստաժավորում է անցել Եկամուտների ծառայությունում: Նա ուսանել է բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ արդեն ստաժավորման ժամանակ որոշել է ընտրել կրթության հետ կապված ոլորտը, և որպես երկրորդ մասնագիտություն ընտրել է մանկավարժությունը՝ մաթեմատիկայի գծով: Այժմ Մարիաննան սովորում է Արևելյան Եվրոպայի համալսարանի բիզնեսի և ճարտարագիտության ֆակուլտետում՝ կրթության հետազոտությունների և կառավարման մագիստրոսական ծրագրով:
«Կարծում եմ, որ իմ կյանքում ժամանակս ամենաճիշտ օգտագործեցի համաճարակի շրջանում: Փորձեցի հնարավորինս ակտիվ կերպով մասնացել շատ ծրագրերի, այդ երկու տարում այնքան բան հասցրեցի անել, որոնք շատ արդյունավետ էի: Ամենագլխավոր ձեռքբերումս աշխատանքի ընդունվելն էր, որին այդքան երկար էի սպասել»:
Մարիաննան աշխատում է Նինոծմինդայի թիվ 2 նախակրթարանում: «Պետական չափորոշիչի ներդրումը ազգային փոքրամասնությունների դպրոցական և նախադպրոցական հաստատություններում» ծրագրի շրջանակներում վրացերեն է դասավանդում, որի նպատակն է նախակրթարաններում և դպրոցնեում մշակել և իրականացնել երկլեզու կրթության մոդելը:
Նշում է՝ երբ տեսել է թափուր աշխատատեղ, առանց վարանելու դիմել է, քանի որ դա շատ լավ հնարավորություն էր պայքարել մի խնդրի դեմ, որի պատճառով ինքն ու իր հասակակիցները շատ են տուժել:
Նախնական շրջանում նա մասնակցել է տարբեր թրեյնինգների, ապա տեղեկացել է, որ աշխատելու է նախակրթարանում, որ երեխաներին ուսուցանողներին անձամբ է սովորեցնելու ճիշտ և չափորոշիչներին համապատասխան աշխատել և միաժամանակ հետևել վրացերենի ուսուցիչներին:
«Մասնակցելով այս ծրագրին, ես ինձ մարդ եմ զգում, ով քայլեր է անում և օգնում մարդկանց ճիշտ օգտագործել ունեցած ռեսուրսները: Շատ երիտասարդներ են փորձում շրջանից գնալ ավելի լավ հնարավորությունների հետևից, քանի որ այստեղ իրոք ամեն բան շատ բարդ է, պայմաններն առավել ևս, բայց ցանկացած պարագայում, եթե մոտիվացիա ունես ու նպատակիդ կարևորությունը հասկանում ես, ուրեմն ամեն բան հաղթահարելի է»:
Մարիաննայի կարծիքով, եթե ինչ-որ բան ես ուզում փոխել դեպի լավը, դա նախ պետք է սկսես անել քո գյուղից, քո համայնքից: Հենց այս տրամաբանությամբ առաջնորդվելով էլ նա մասնակցում է դրամաշնորհային մրցույթի և հաղթելով իր գյուղի դպրոցի համար կարողանում է գնել 5 000 դոլարին համարժեք պարագաներ, այդ թվում՝ պրոյեկտոր, էկրան, համակարգիչ, թենիսի սեղան և այլն:
«Իմ նպատակները և երազանքները կապված են իմ շրջանի զարգացման հետ և չեմ պատրաստվում այստեղից հեռանալ, անկախ նրանից իմ կատարած աշխատանքը կգնահատվի, թե՝ ոչ: Ես մտածում եմ, որ մարդ որտեղ որ ծնվում է, հենց այդտեղ էլ պետք է փորձի միջոցներ ստեղծել՝ լավ կյանք ունենալու համար»:
Լիդա Ալմասյան