Ապրիլի 17-ից 20-ը Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում բնակիչները հայտնաբերել են, որ հանցագործները ներխուժել են, կամ փորձել են ներխուժել առանց տանտերերի մնացած տները թալանելու համար, բայց որոշ դեպքերում պարզ չէ, թե ինչ են նրանք տարել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղում, երեք օրվա ընթացքում բնակիչները հայտնաբերել են սեփական տների չորս գողության դեպք: Երեք դեպքում հանցագործներին հաջողվել է թալանել, չորրորդում` չեն հասցրել, ինչ-որ մեկը եկել է և վախեցրել գողերին: Բոլոր տների տերերը գտնվում են արտերկրում, բայց բարեկամները ամեն 2-3 օրը մեկ բացում են դռները, օդափոխում, ստուգում` արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
Կուլիկամ գյուղում առաջին գողության դեպքը հայտնաբերվել է ապրիլի 17-ին: Դրանից առաջ տունը ստուգելու համար բացվել էր 2 օր առաջ, ուստի հանցագործությունը տեղի է ունեցել կամ ապրիլի 16-ին կամ 17-ին: Տեղացիների խոսքով՝ այս տնից գողացել են 15 հազար լարի և գրանցված երկու զենք: Տանտիրուհին ուսուցիչ էր, և անցած տարվա աշնանը թոշակի անցնելով, ստացել էր պարգևավճար՝ իր երկամյա աշխատավարձի չափով, որը նա թողել էր տանը: Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է՝ «Ապօրինի կերպով զենքի պահում կամ յուրացում (բացառությամբ որսորդական հրազենի (հրացաններ)), դրանց բաղադրիչ մասերը՝ զինամթերք, պայթուցիկ միջոցներ կամ պայթուցիկ նյութեր»:
Երկու հաջորդ դեպքերը տեղի էին ունեցել շաբաթ երեկոյան՝ ապրիլի 18-ին, իսկ երրորդը պարզ չէ երբ է եղել, պարզապես նկատել են 19-ին:
Քանի որ տանտերերը տեղում չեն, դժվար է պարզել, թե ինչ են գողացել: Գողացված տներից մեկի բարեկամները զանգահարել են Ռուսաստանում գտնվող տանտերերին և պարզել, որ գողացել են 1000 լարիի սահմաններում արժողությամբ գույք:
Երրորդ տանն արդեն 20 տարի է ոչ ոք չի ապրում:
«Ամբողջ տունը տակնուվրա էր արված, ես չգիտեմ, թե ինչ կարող էին նրանք տանել այնտեղից, հնություն: Սեփականատերերը գնացել են Ռուսաստան 20 տարի առաջ, նրանք այնտեղ էլ մահացել են, երեխաները նույնիսկ չգիտեն, թե ինչ են թողել իրենց ծնողները, ինչ կար տանը: Երեկ եկան ոստիկանները, մատնահետքերը վերցրեցին», – ասում է Կուլիկամ գյուղից Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Ուզունյանը:
Հանցագործները չեն հասցրել թալանել չորրորդ տունը, քանի որ ինչ-որ մեկը վախեցրել է գողերին:
Գյուղում տարակուսում են, թե ինչու են հանկարծ սկսել թալանել դատարկ տները:
«Այս տներից երկուսում ապրում են թոշակի անցած ուսուցիչներ, ուստի մենք կարծում էինք, որ գողերը փնտրում են գումարը, որը ուսուցիչներին տրվել էր անցյալ տարի, երբ նրանք թոշակի էին անցել: Չնայած նրանցից մեկը պարգևավճար չէր ստացել, նա կոտրել էր ոտքը և աշխատանքից հեռացել նախքան թոշակառու ուսուցիչների համար պետական ծրագրի մեկնարկը: Բայց թե երբ են թալանել հաջորդ երկու տները, այս վարկածն արդեն կորցրել է իր արդիականությունը», – ասում է Սարգիս Ուզունյանը:
Այս դեպքերից մեկի փաստով հարուցվել է քրեական գործ ըստ 177-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի, ինչը նշանակում է կողոպուտ, անօրինական կերպով բնակարան ներխուժելու միջոցով: Այս հանցագործությունը պատժվում է 4-ից 7-ը տարի ազատազրկմամբ:
Կուլիկամ գյուղում կան շատ փակված տներ, որոնց տերերը կամ տեղափոխվել են այլ երկրներ, կամ ձմռանը մեկնում են իրենց երեխաների մոտ, բայց բարեկամները հետևում են յուրաքանչյուր փակ տուն: Այս օրերին փակված տներին հետևող բոլոր գյուղացիները կորցրել են իրենց դադարը՝ օրական մի քանի անգամ ստուգելով իրենց բարեկամների տները: Ոմանք նույնիսկ մտածում են ապրել դատարկ տներում: