Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո (Կումուրդո) գյուղի բնակիչների շուրջ 90 տոկոսը չի կարողանում պետական ռեեստրում գրանցել սեփական հողերը, քանի որ նրանց հողամասի անձնագրերն անհետացել են:

2019 թվականի հուլիսի 1-ին լրանում է հողերի պարզեցված գրանցման ժամկետը: Վրաստանը պարզեցված գրանցման գործընթացը սկսել է 2016 թվականի օգոստոսի 1-ից: Այս գործընթացը մի քանի անգամ երկարաձգվել է, քանի որ շատ կան չգրանցված հողատարածքներ: Մարդիկ շտապում են գրանցել, սակայն շատերին դա ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում:

Կումուրդո գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց հողերը, որոնք նրանք մշակում են ավելի քան 20 տարի, քաղաքացիական ռեեստրում չեն կարողանում գրանցել: Պատճառն այն է, որ հողերի գրանցման համար անհրաժեշտ է հողամասի տեխնիկական անձնագիրը: Անձնագրերը 90-ական թվականներին բաժանվել են բոլոր գյուղացիներին, երբ սկսեցին ամեն ընտանիքի բաժանել 1 հա 25 հար հողամաս:

«Սեփական տունս է եւ իմ սեփական հողն է, ժամանակին փողի պատճառով անձնագիրը չվերցրեցինք: Նրանք մեզանից անձնագրի համար պահանջում էին 21 լարի, ոչ ոք չվճարեց, նրանք էլ անձնագիր չտվեցին: Ահա և կանգնել ենք խնդրի առաջ: Ինձ թվում էր, որ միևնույն է իմն է, ով պետք է առնի ինձանից », – ասում է Մովսես Պալոյանը:

Մարտին Սահարյանն անձնագրի բացակայությունը բացատրում է նրանով, որ այդ ժամանակ նա արտագնա աշխատանքի էր Ռուսաստանում:

«Մի անգամ առաջարկեցին, ես չվերցրեցի, իսկ հիմա էլ չկան: Ես խոպանում (արտագնա աշխատանք) էի, իսկ ընտանիքիս անդամները չեն վերցրել, քանի որ նրանք չեն իմացել այդ մասին: Վերջերս եկան, հանդիպում անցկացրեցին մեզ մոտ, խոստացան օգնել », ասում է Մարտին Սահարյանը:

Այս գյուղում, ներկայումս իրենց հողերը գրանցել են գյուղի բնակիչների միայն 10% -ը: Մնացածը չգիտեն, թե ինչ անեն:

Ջինիսյան Սլավիկն ասում է, որ այդ տարիներին քչերը կարող էին վճարել 21 լարի:

«Եթե ես անձնագիրս չեմ վերցրել, ուր է այն անհետացել, կորել, դա փաստաթուղթ է, պետությունը չգիտի, թե ուր է անհետացել այն: Բոլորն էլ գիտեն, եթե հիմա վճարվի 350 լարի, հողամասի անձնագիր կարելի է ստանալ», – դժգոհում է Սլավիկ Ջինիսյանը:

Ըստ գյուղացիների, ներկայումս այդ անձնագրերը գումարով վաճառվում են, բայց ոչ ոք չի ասում, թե ով է վաճառում, որտեղ և ով է գնել:

«Նրանք փող են պահանջում, որպեսզի անձնագիրը տան, իսկ վճարելու համար ես փող չունեմ: Ինձ չեն ասել, թե կոնկրետ որքան է պետք վճարել, նրանք ասացին, արի կխոսենք », – ասում է Վարոս Ստամբոլցյանը:

Լեւոն Չոլախյանն ասում է, որ պատասխանատու անձինք այն ժամանակ չեն բացատրել այդ փաստաթղթի կարեւորությունը:

Գյուղացիները տարակուսում են, թե ուր կարող էին անհետանալ պետական փաստաթղթերը:

«Նրանք պետք է հանձնեին արխիվ, ենթադրենք, ինչ-որ մեկն ուներ, բայց կորցրել է, որտեղից նա կարող էր ստանալ այդ փաստաթղթի պատճենը», – ասում է բնակիչներից մեկը:

Բոլոր գյուղացիները համոզված են, որ պետական փաստաթուղթը չէր կարող ուղղակիորեն անհետանալ, նրանք ինչ-որ մեկի մոտ են, ով ցանկանում է դրանով գումար աշխատել:

Ժոժիկ Սահարյանը, ով այդ տարիներին Գումբուրդոյում հողատարածքի հանձնման հանձնաժողովի անդամ էր, ասում է, որ չգիտի, թե որտեղ են հիմա այդ անձնագրերը, եւ որ իրոք այդ ժամանակ նա է անձնագրերը բաժանել, և տվել է նրանց ով վճարել է 23 լարին:

«Ես չեկ էի տալիս նրանց, ով վճարում էր գումարը, չափում էի հողը եւ հանձնում հողամասը այդ մարդուն: Անձնագրում ես էլ էի ստորագրում: Ով վճարել է, նրան էլ տվել եմ անձնագիր, մնացած անձնագրերը մնացել են կազմակերպությունում, եւ ես չգիտեմ ուր են անհետացել դրանք: Ես հասարակ աշխատող էի, ինչ ինձ ասում էին, այն էլ անում էի », – ասում է Ժոժիկ Սահարյանը:

Մգդեսյան Մկրտիչը, ով նույնպես այդ ժամանակ հանձնաժողովի անդամ էր, չգիտի, թե ուր են անհետացել փաստաթղթերը:

Գույքի եւ պլանավորման բաժնի տվյալների համաձայն, երկու տարվա ընթացքում մունիցիպալիտետում սեփական հողամասերը գրանցել է 2300 մարդ:

1994-1998թթ. հողի բարեփոխումների ժամանակ, գյուղերում 1 հա 25 հար հողատարածք բաժանվեց բոլոր ընտանիքներին: Տարբեր գյուղերում անձնագրի համար հողամասերի բաշխման հանձնաժողովի անդամները պահանջել են տարբեր գումար՝ 21-ից մինչեւ 28 լարի, ով վճարել է այդ գումարը անձնագիրը ստացել է, իսկ ով չի վճարել չի ստացել: Այժմ պետական ռեեստրում, առանց այդ անձնագրի, գյուղացիների հողամասերը չեն գրանցում:

«Հիմա մենք հարցնում ենք գյուղերի այն ժամանակվա հանձնաժողովի անդամներին, նրանք ասում են, որ ոչ ոք չի կամեցել վճարել 28 լարի, իսկ այդ գումարը ծախսվել է այդ աշխատողների աշխատավարձի վրա, քանի որ նրանք շատ աշխատանք ունեին, իսկ աշխատավարձը չնչին էր: Նրանք նաեւ ասում են, որ մարդիկ չէին հետաքրքրվում: Արդեն 21 տարի է անցել, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ է այդ փաստաթղթերի հետ կատարվել, դրանք արխիվում էլ չեն գտնվում: Հանձնաժողովի անդամներն ասում են, որ իրենք հանձնել են, բայց ում եւ երբ՝ չեն ասում », – ասում է գույքի եւ պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արեւյանը:

Գրեթե բոլոր գյուղերում բնակիչներն անձնագրերի հետ կապված խնդիրներ ունեն, այսինքն, անձնագրերի բացակայությունը ակներև է, բայց որոշ գյուղերում, ինչպիսիք են օրինակ՝ Գումբուրդոն, Բեժանոն, Գոմանը, բնակիչների մեծ մասն է մնացել առանց հողամասերի անձնագրերի:

Շուշան Շիրինյան