Ձմռան ավարտին Օրլովկա–Բավրա ասֆալտապատ և դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին 12 մետր երկարությամբ ճաք է առաջացել։
Ասֆալտապատ ճանապարհը 2 տարի երաշխիքային ժամկետ ունի։ Այս ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2019թ. նոյեմբերին, այսինքն 5 ամիս առաջ, իսկ ժամկետի ավարտին մնացել է մոտավորապես 1,5 տարի։ Այս մասին հայտնում է Nor ռադիոն:
Խոշոր ճաքը գոյացել է Ժդանովականի մոտակայքում գտնվող կամրջի անմիջապես վերևում։ Կամուրջը ճանապարհի հիմքի փոփոխման հետ միաժամանակ հիմնովին էր կառուցվել, տեղադրվել էին բետոնե նոր օղակներ։
Հիշեցնենք՝ որ երկու տարի ժամկետ ունեցող նախագծի մրցույթը շահել էր «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը` 12 000 000 լարիի դիմաց:
Նախագծով ասֆալտապատվել է 14 կմ 600 մետր ճանապարհահատված: Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք, «Սաքմիլսադենմշենի» ընկերության տնօրեն Ավթանդիլ Լոմբաձեից, նախագիծը հաշվի է առել այս ուղղությամբ երթեւեկող թե՛ բեռնատարները թե՛ կլիմայական պայմանները: Ընկերությունը պարտավոր է երկու տարվա ընթացքում վերահսկել ճանապարհը և վնասվելու դեպքում վերանորոգել այն: