Ամեն տարի աղետը կորուստներ է հասցնում ֆերմերներին, Ջավախքում ավելի հաճախ դա կամ կարկուտն է, կամ սառնամանիքները: Հաճախ անասունները սատկում են ցրտից, սակայն օգոստոսի 9-ին կայծակը սպանեց միանգամից 530 ոչխար: Սա նախադեպը չունեցող դեպք էր, երբ կայծակից սատկում են այսքան շատ կենդանիներ: Փորձաքննությունը պարզում է, թե որն է պատճառը, իսկ անասնատերերը մտածում են ինչ է լինելու հետո:
Ախալի (Նոր) Խուլգումոն փաստացի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վերջին գյուղն է, այնուհետև սկսվում է Ծալկայի մունիցիպալիտետը:
Գյուղ տանող ճանապարհը, չնայած ասֆալտապատված չէ, բայց վատ վիճակում էլ չի գտնվում, դիմացը լեռներն են, իսկ ձախ կողմում Վրաստանի ամենամեծ լիճն է` Փարվանան: Այդ հրաշագեղ տեսարանից զմայլվում ես:
Այստեղ են ապրում Լևանովները (Լևանյաններ)՝ ֆերմերները, որոնց էր պատկանում ոչխարների մի մասը, որոնք անկել էին մի քանի օր առաջ լեռներում:
Ախալի Խուլգումո գյուղի տարեց բնակիչները նման բան չեն հիշում, մեկ օրում իրենց գյուղում այդքան անասուն չի սատկել: Մինչ դեպքի վայր հասնելը՝ լեռան վրա, պահանջվում է երեք ժամ ոտքով անցնել դժվարանցանելի ճանապարհով: Սա բարդացնում է իրավիճակը, ֆերմերները չեն կարող ոտքով իջեցնել անկած 530 գլուխ մանր եղջերավոր անասուններին, մեքենաները նույնպես չեն կարողանում այնտեղ բարձրանալ:
Այդ առավոտ ամպրոպի կամ վատ եղանակի նշաններ չկային, բայց իրավիճակը, ըստ գյուղացիների, կտրուկ փոխվեց երեկոյան: Սկսեց հորդառատ անձրև, կայծակը այնքան հաճախ էր շանթարձակում, որ բոլորը թաքնվեցին իրենց տներում:
«Հովիվը պատմեց, որ 15 րոպե կորցրել է գիտակցությունը, այնուհետև արթնացել է, լեշերը փռված էին լեռան վրա: Երբ կայծակը խփեց՝ ալիքը, որը տարածվեց՝ սպանեց նրանց, դրան գումարած այն հանգամանքը, որ ոչխարները թաց էին՝ անձրև էր տեղում: Մենք դիմում գրեցինք, որ նման բան է տեղի ունեցել, և մի քանի օրից մենք պետք է գնանք Թբիլիսի: Սպասում ենք փորձաքննության արդյունքներին: Ախալցիխեից եկան և մեկ ոչխար տարան: Ողջ մնացած նախիրը (խմբ. ավելի քան 900 գլուխ) և անկած անասունները լեռան գագաթին են, հազիվ մեկին իջեցրեցին՝ Ախալցիխե տանելու համար», – ասում է ոչխարների տերը՝ 29-ամյա Եգոր Լևանովը:
Լևանովները միակն են գյուղում, որոնք մեծ քանակությամբ ոչխար են պահում: Արդեն 20 տարի է, ինչ նրանք վաճառելու նպատակով պահում են ազնվացեղ ոչխարներ: Նրանք դրանք գնում են արաբական երկրների համար: Մեկ ոչխարի գինը 300-350 լարի է, գինն այս տարի լավ է, ասում են գյուղում: Նրանց նախիրի ընդհանուր թիվը 360 գլուխ է, որից կայծակը սպանել է 150-ին:
«Քաղաքապետարանից մեզ ասացին, որ կարող են 1000 լարի հատկացնել, այս գումարը ոչ մի բանում չի օգնի: Մեր վնասը կազմում է առնվազն 60 000 լարի: Մենք չենք ապահովագրել», – ասում է Եգորը:
Ինչպես ֆերմերներն ասացին, մանր եղջերավոր անասուններին չեն ապահովագրում:
«Ամուսինս ցանկանում էր ապահովագրել, բայց նրան ասացին, որ մանր եղջերավոր անասուններին չեն ապահովագրում: Ձմռանը նրանք տանջվեցին, մեծացրեցին, այդքան ջանք թափեցին և այդ ամենը իզուր էր: Երբ որդիս բարձրացավ լեռը և այնտեղից զանգահարեց, ցույց տվեց, որ ամուսինս մի քիչ էլ և սրտի կաթված կստանար: Ընդհանուր առմամբ սատկել է 530-ը, այդտեղից 150-ը մերն են», – ասում է տանտիրուհին՝ Լիաննա Լևանովան:
Ինչպես ասում են Լևանովները, այս պայմաններում ոչ մի կերպ հնարավոր չէ ինչ-որ ձևով փոխհատուցել վնասը, միսը վաճառելն անհնար է:
«Նույնիսկ միսը իջեցնել չի կարելի: Ճառագայթում է: Զանգահարեցինք Թբիլիսիի կենդանաբանական այգի, ասացին, որ նրանք քիչ գայլեր ունեն և նրանց չեն կերակրում ոչխարի մսով, եթե հորթի միս լիներ, ապա՝ այո», – ասում է Լիաննա Լևանովան:
Լևանովները վնասը հաշվում են զուտ գլխաքանակով և դրանց գնով, բայց բացի մսից՝ ոչխարներից ստանում են նաև կաթ, բուրդ և գառներ:
«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է մեզ օգնել: Եթե միայն քաղաքապետարանը օգնեց, ապա կօգնի: Ես այլ տարբերակ չգիտեմ: Իսկ ինչ կարող ենք անել: Այն, ինչ եղել է, արդեն եղել է: Սա մեծ վնաս է, եթե պետությունը չօգնի, ապա էլ ով օգնի», – ասում է նա:
Լևանովների միայն 40 000 լարի են վճարում արոտավայրերի վարձակալության համար: Ամռանը հոտը կախեթցիների հոտի հետ ընդհանուր արածում են իրենց արոտավայրերում, ձմռանը` Կախեթիում, քանի որ այնտեղ խոտ կա: Լևանովները հոտը չեն թողնում առանց հսկողության, ձմռանը կամ որդին, կամ հայրը հերթափոխով գնում են հոտին հսկելու: Նրանք հովվին վճարում են ամսական 1500 լարի:
Տեղի իշխանությունները դեռ չեն կարող խոսել փոխհատուցման մասին:
«Նրանք դիմել են քաղաքապետարանի Սոցիալական օգնության ծառայությանը: Համապատասխան հանձնաժողովը քննարկում է նրանց դիմումը՝ հնարավորության սահմաններում, սոցիալական օգնություն տրամադրելու համար: Պետությունը նման դեպքերում օգնում է ապահովագրություն ունեցող ֆերմերներին», – ասում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը պնդում է, որ տուժած ֆերմերները իրենց չեն դիմել:
«Եթե նրանք դիմեն և մեր քաղաքապետարանի բնակիչներն են հանդիսանում, մենք կքննարկենք և կօգնենք: Չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի փոխհատուցումը՝ դա ներառված չէ սոցիալական փաթեթում, եթե օգնենք, ապա այլ կերպ», – ասում է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Ինչևիցե, ֆերմերները դեռ սպասում են փորձաքննության արդյունքներին և դեռ պետության կողմից օգնություն ստանալու հույս ունեն: