Այսօր, Նինոծմինդայի շրջանի Վարչական շենքում անցկացվեց «Սամցխե-Ջավախք տարածաշրջանում ազգային փոքրամասնությունների համար հեռարձակող, տեղական երկրային հեռարձակողներին բովանդակություն հաղորդելու համար թվային արբանյակային հեռարձակողի բաց հարթակ» նախագծի շնորհանդեսը:
Նինոծմինդա էին ժամանել Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության ապարատի ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, Վրաստանի Հանրային հեռարձակողների ներկայացուցիչները, Վրաստանի տարածաշրջանային հեռարձակողների միությունը, հաղորդակցության հանձնաժողովի ներկայացուցիչներն և այլն: Հանդիպմանը ներկա էին նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանի ԶԼՄ ներկայացուցիչները և Նինոծմինդայի շրջանի կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Նախագծի արդյունքների շնորհանդեսն անցկացրեց նախագծի ղեկավար Նաթիա Կուպրաշվիլին: «Էթնիկ փոքրամասնությունների համար արդեն թարգմանվել է Մոամբեն (խմբ. նորություններ), ինչպես 6 ժամանոցը, այնպես էլ՝ 9-ը: Նախկինում այն 8 ժամանոց էր, որը հեռարձակում էին տեղական հեռուստաալիքներով, ինչը նրանք անում են նաև հիմա: Տեղական հեռուստաալիքները՝ Atv12-ը և Փարվանան երբեք չեն հեռարձակել թվային ֆորմատով: Այս տարածաշրջանը մեկն էր այն շրջաններից, որտեղ տեղի չունեցավ տեղական հեռուստաալիքների անցումը թվայինի: Այստեղ չկար թվային ցանց: Մենք նաև զուգահեռաբար կատարել ենք երկրորդ նախագիծը՝ դա տեղային մուլտիպլեքսն է (խմբ. հեռուստատեսային և ռադիո հեռարձակող ալիքների շարք, որը փոխանցվում է մեկ թվային ալիքով)», – բացատրում է Նաթիա Կուպրաշվիլին:
Չնայած մի շարք դժվարությունների և խոչընդոտների, թվային հեռարձակման համար պայմանների ստեղծման նախագիծն այսօր իրականացված է:
«Հաղորդակցության հանձնաժողովը մեզ համար առանձնացրել էր մի շատ լավ տեղանք, բայց այնտեղ շատ դժվար էր աշխատել, դա Դամալա սարն է: Բայց և այնպես մենք կարողացանք կառուցել այնտեղ հեռարձակման ենթակառուցվածքներ, որն այժմ արդեն գործում է: Հաղորդիչները տեղում են և թվային հարթակով փոխանցում են ազդանշանը Փարվանային և ATV12–ին: Բացի դրանից, մինչ այդ կար ազգային մուլտիպլեքսը, Առաջին ալիքը և այլ հեռարձակողները: Եվ արդեն Նինոծմինդայում և Ախալքալաքում տեղացիները բոլորովին անվճար կարող են ստանալ մոտ 30 հեռուստաալիք, այդ թվում՝ տեղական», – ասում է Նաթիա Կուպրաշվիլին:
Այս ծրագիրն իրականացնելու նպատակով Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը, Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության ապարատը, Հանրային հեռարձակողը և Տարածաշրջանային հեռարձակողների ասոցիացիան համագործակցեցին: Այս ամենը տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Շնորհանդեսի ժամանակ տեղական հեռուստաալիքներին տրամադրվել էր թվային հեռուստատեսության 15 ընդունիչ (Set top box), որպեսզի նրանք նվիրեն նրանց ում հարկ կհամարեն: 52 ընդունիչ Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության ապարատը բաժանեց Նինոծմինդայի շրջանի կարիքավոր ընտանիքներին:
Թվային հեռարձակման անվճար լինելու համար անհրաժեշտ է տանիքին տեղադրել ալեհավաք, որոշ դեպքերում հնարավոր է նաև սենյակային ալեհավաքները, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակակից հեռուստացույցներ DVB-T2 ստանդարտով: Իսկ եթե հեռուստացույցը հին է, անհրաժեշտ է թվային հեռուստատեսության հատուկ ընդունիչ (Set top box):
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսից Վրաստանը անցել է թվային հեռարձակման, սակայն տեղական հեռուստաալիքները ATV12-ը և Փարվանան չկարողացան անցնել, քանի որ դրա համար անհրաժեշտ էր նշանակալի ֆինանսական ծախսեր:
Քրիստինե Մարաբյան