Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում անցկացվեց ջրամատակարարման հավելյալ գիծ, որը պետք է բնակչությանը ամբողջությամբ ապահովի ջրով, բայց երկար սպասված ջուրը բնակիչները խնամքով չեն օգտագործում:
Երկար տարիներ Փոքր Խանչալիի համար հիմնախնդիր էր խմելու ջրի հարցը: Ջրամատակարարման հին գիծը չէր կարող ապահովել գյուղի կարիքները, աղբյուրների ջուրը չէր բավարարում բնակչությանը: Ձմռանը ջուրը շատ քիչ էր ու կարելի էր տեսնել մարդկանց, ովքեր ջրի հերթ էին կանգնում գյուղի հիմնական աղբյուրի մոտ:
Այսօր արդեն կարելի գյուղում տեսնել, թե ինչպես տեղացիների բակերում ծորակներից մշտապես ջուր է հոսում, նույնիսկ այն ժամանակ, երբ չեն օգտագործում: Ջուրը հոսում է փողոցներով, դժվարանցանելի դարձնելով դրանք, ինչպես նաև պակասեցնում է ջրի պաշարները ընդհանրապես:
Տեղական բյուջեից ջրամատակարարման հիմնախնդրի լուծման համար հատկացվել է 98 600 լարի, ինչպես նաև 15 983 լարի «Օգնություն գյուղին» ծրագրից: Այս գումարներով կառուցվել է մոտավորապես մոտ 8 կիլոմետր ջրատար: Հիմնական աշխատանքները ավարտվել են, ջրատարի նոր գիծը միացվել է Փոքր Խանչալի գյուղի ջրի հին ավազանին և այդտեղ ջուրը ավելացել է, որքանով այն կբավարարի ձմռանը` պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Տեղաբնակների խոսքերով` իշխանության ներկայացուցիչները խոստացել են իրենց, որ հաջորդ տարի էլ կանցկացվեն աշխատանքներ գյուղում ջրամատակարարման բարելավման համար: Կկառուցվի ջրի նոր ավազան, ինչպես նաև որոշ փողոցներում կանցկացվի ջրատարի մասնակի նորոգման աշխատանքներ:
Բորիս Ղարսլյան