Վրաստանի Պատրիարքարանը քննադատել է մեքենայով մարդկանց տեղաշարժի արգելքը՝ նշելով, որ կառավարությունը եկեղեցու հետ չի համաձայնեցրել այս որոշումը:
Այսօրվանից՝ ապրիլի 17-ի, ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, Վրաստանում ամբողջությամբ արգելվում է մարդատար մեքենաների տեղաշարժը՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա:
Մինչդեռ, Պատրիարքությունը հայտարարում է, որ արգելքը չի տարածվում եկեղեցականների վրա: Այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ «բնակչության, հոգևորականների և հավատացյալների շրջանում կառավարության որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել»:
«Այս արգելքը համաձայնեցված չի եղել Վրաստանի Պատրիարքարանի հետ: Ինչպես ավելի ուշ պարզվեց հեռախոսազրույցի ընթացքում, հոգևորականները, երգչախմբի անդամնները հնարավորություն կունենան գնալ (մեքենայով) ինչպես այսօր, այնպես էլ կիրակի օրը՝ Զատկի հոգևոր ծառայություններին: Ցավոք, հավատացյալները նման հնարավորություն չունեն», – ասվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ:
Համաճարակաբանները բազմիցս հորդորել են հավատացյալներին մինչ համաճարակի ավարտը դադարեցնել եկեղեցիներ հաճախելը՝ մատնանշելով եղեկեցական արարողակարգերի ընթացքում հիվանդության տարածման մեծ ռիսկը:
Քրիստոսի Հարության տոնի եկեղեցական ծառայությունների ձևաչափի շուրջ Վրաստանի կառավարության և Պատրիարքարանի բանակցությունները տևեցին մի քանի շաբաթ: Կորոնավիրուսի տարածման պատճառով ամբողջ երկրում, մեկ ամսով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 10-ը, արտակարգ դրություն է հայտարարվել: Ժամը 21:00-ից 6:00-ն գործում է պարետային ժամ:
Ապրիլի 15-ին, Զատիկի տոների ընթացքում Վրաստանի կառավարության և պատրիարքարանի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն հոգևոր ծառայությունների մատուցման վերաբերյալ:
Համաձայն պայմանավորվածության, չնայած պարետային ժամին և արտակարգ դրության սահմանած այլ սահմանափակումներին, հավատացյալները միևնույն է կկարողանան մասնակցել պատարագին՝ ապրիլի 19-ի գիշերը, բայց դրա համար նրանք ստիպված կլինեն ինը ժամով չլքել եկեղեցին, միևնույն ժամանակ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Հարկ է նշել, որ իշխանությունները զատկական տոների ընթացքում սահմանել են լրացուցիչ սահմանափակումներ: Ապրիլի 15-ից սահմանափակված է չորս խոշոր քաղաքներ` Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումիի և Քութաիսիի ելումուտը: