Վրաստանի հիվանդությունների վերահսկման և Հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ասում է, որ երկրին մեկ քայլ է անջատում լիարժեք կարանտին հայտարարելուց և չի բացառում դաշտային հիվանդանոցների բացումը: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Գամկղրելիձեն հիշեցրել է, որ երկրի հաջողությունը վիրուսի դեմ «անտեսանելի պատերազմում» կախված է Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուց: Մասնագետը նշել է, որ ամբողջ աշխարհում աճել է Covid-19 հիվանդությունից մահացությունների տոկոսը, և դա մտահոգութուն է առաջացնում: նա ընդգծել է, որ աշխարհը 1918 թվականից ի վեր չի հիշում նման պանդեմիա:
«Այսօր մենք ունենք արգելափակում, երկրում արտակարգ դրություն է հայտարարված: Մեկ քայլ է բաժանում լիարժեք կարանտինից», – ընդգծել է Գամկղրելիձեն:
Վերջինիս խոսքով՝ վարակի ներքին փոխանցումը շատ ավելին է, քան դա նույնականացված է, ուստի վտանգը մեծացել է: Արդեն բացահայտվել է շուրջ 15 կլաստեր: Եթե մարդիկ թուլանան, հատկապես այս չորս օրվա ընթացքում, վարակակիրների թիվը կարող է աճել մինչև 5, 7, 8 հազար մարդ, ինչը առողջապահական համակարգը այլևս չի կարողանա հաղթահարել:
Վրաստանում արդեն վարակվել է 16 բուժաշխատող, և եթե այդ թիվը ավելանա, ապա հիվանդներին բուժող ոչ ոք չի լինի, նշել է Գամկղրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին չհաճախել եկեղեցի և չնպաստել վիրուսի քաոսային տարածմանը, ինչը մեծ զոհերի կհանգեցնի:
«Ես ուզում եմ շատ ծանր կոչ անել, ինձ համար դժվար է դա անել: Մի՛ գնացեք եկեղեցիներ, եկեք աղոթենք տանը: Հոգևորականները կաղոթեն, որպեսզի նվազագույն կորուստներով ազատվենք այս հիվանդությունից: Առաջին անգամ եմ նմանատիպ հայտարարություն անում: Մի՛ գնացեք եկեղեցի, մի՛ կազմակերպեք հավաքներ, և Տերը կների մեզ դա, քանի որ մենք ավելի շատ վրացիների կփրկենք», – ասել է Գամկղրելիձեն:
Նա նշել է, որ եթե հետևեն բոլոր հանձնարարականներին, վարակակիրների թվի աճը կլինի, բայց այդ ցուցանիշը դրամատիկ չի լինի:
Գամկրելիձեն նախազգուշացրել է, որ պահպանելով կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպը, մինչև մայիս երկրում կարող է լինել 2500 վարակակիր:
Նա նաև հիշեցրել է, որ առողջապահական համակարգը կարող է ծառայել երկու հազար հիվանդի, բայց չի կարող դիմակայել հինգ, ութ, տաս հազարին:
«Հաշվեք ինքներդ: Նման դեպքում 30%-ը պետք է ռեանիմացվի: Մենք չենք կարողանա դա հաղթահարել, շատ զոհեր կլինեն», – ասել է Գամկղրելիձեն: