Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 20-ի գործով մեղադրյալ, «Հաղթանակած Վրաստան» շարժման առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին 5 տարվա ազատազրկման դատապարտեց։ Դատարանը որոշումը կայացրել է այսօր՝ ապրիլի 13-ին:

Օքրուաշվիլիի փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մեղադրող կողմը որպես փաստարկ ունեցել է միայն ոստիկանների վկայություններն առ այն, որ Օքրուաշվիլին եղել է ցույցի ժամանակ իրենց վրա հարձակվողների խմբում:

«Երկու մեղադրանք էր առաջադրվել՝ խմբակային բռնության կազմակերպում և բռնությանը մասնակցելու մեղադրանքը: Առաջինի գործով Օքրուաշվիլիին արդարացրին։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, հարյուրավոր քաղաքացիներից միայն Օքրուաշվիլին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման»,- ասել է փաստաբանը՝ հավաստիացնելով, որ դատարանի որոշումը բողոքարկելու են:

Իրակլի Օքրուշվիլին ձերբակալվել է հունիսի 25-ին՝ հունիսի 20-ի ցույցերի հետ կապված՝ Քրեական Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ կետերի հիման վրա: