Վրաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր Իլյա Թվալիաշվիլին, ում երկու աչքերը վնասվել էին հուլիսի 5-ին Թբիլիսիում արմատական, հոմոֆոբ խմբավորման կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Թվալիաշվիլիի աչքերից մեկը ամբողջովին կորցրել է տեսնելու ունակությունը: Նա չգիտի, թե երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի, ասել է օպերատորը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ըստ Իլիայի, ռեպորտաժը նկարահանելիս իր վրա հարձակվել են տարբեր ուղղություններից: «Ես մինչև հիմա չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է այդքան անխնա ծեծի ենթարկել բոլորովին անծանոթ մարդու, ով քեզ վատ բան չի արել», – ասել է օպերատորը:

«Ինչ-որ մեկը սեղմում էր ուղիղ միացումների համար ժապավենին, մեկը ոտքով էր հարվածում, մեկը հրմշտում էր… Հիշում եմ, որ ես գետնին ընկա և ստացա ոտքով հարվածներ գլխիս», – վերհիշում է Թվալիաշվիլին:

Նրա խոսքով՝ այd հարվածներից ինքը ցավից ճչացել է, իսկ հետո կորցրել գիտակցությունը:

Այսօր բերման է ենթարկվել հանրային հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակման մեղադրանքով արդեն երկրորդ անձը: Ընդհանուր առմամբ, լրագրողների վրա հարձակման դեպքերի առթիվ բերման է ենթարկվել 21 մարդ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ երեք հոդվածներով՝ «լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտում, որը կատարվել է բռնության սպառնալիքով» (պատժվում է տուգանքով կամ մինչև երկու տարի ազատազրկմամբ), «հետապնդում, որը կատարվել է բռնությամբ» (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և «մասնակցություն խմբային բռնությանը» (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով):

Հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել են ԶԼՄ-ների 53 աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ:

Տուժածների շարքում էր «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը հուլիսի 11-ին, բարդ վիրահատություից հետո, հայտնաբերվել էր սեփական տանը մահացած: Այս մահը հասարակական բողոք առաջացրեց: Ընդդիմադիր երեք հեռուստաընկերությունների լրագրողներ բողոքի ցույցեր էին կազմակերպել խորհրդարանի դիմաց: Նրանք պահանջում էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, իսկ իշխանություններին մեղադրում քաղաքացիների իրավունքները չպաշտպանելու մեջ: Ակցիային միացել էին շուրջ հինգ հազար մարդիկ: