2021 թվականի սկզբից` տասնմեկ ամիսների ընթացքում Վրաստանում սպառվել է 13,8 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 23 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորը (ESCO):
Ըստ այդ տվյալների՝ 2021 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Վրաստանում արտադրվել է 11,5 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։
Արտադրված էներգիայի մեծ մասը բաժին է ընկել հիդրոէլեկտրակայաններին՝ 9,5 մլրդ կվտ/ժամ, ջերմակայաններին՝ մոտ 1,8 մլրդ կվտ/ժամ, իսկ Քարթլիի հողմակայանին՝ 78,4 մլն կվտ/ժամ։
Վրաստանը էլեկտրաէներգիայի դեֆիցիտը լրացրել է իր հարեւաններից ներկրումների միջոցով։
Հունվարից ներառյալ նոյեմբեր Վրաստանը ներմուծել է մոտավորապես 1,8 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, այդ թվում՝ Ռուսաստանից՝ 1,1 մլրդ կվտ/ժամ, Թուրքիայից՝ 161,2 մլն կվտ/ժամ, Ադրբեջանից՝ 528,8 մլն կիլովատ/ժամ:
Արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,9 մլն կվտ/ժ։
Վրաստանում տարեցտարի ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը։ Փորձագետների կարծիքով, մինչև 2030 թվականը երկիրը կարող է բախվել էներգիայի լուրջ դեֆիցիտի խնդրին, քանի որ այդ ժամանակ էլեկտրաէներգիայի սպառումը կաճի գրեթե 70 տոկոսով և կհասնի 22 միլիարդ կվտ/ժամի։