Վերջին 4 շաբաթների ընթացքում Ախալքալաքում գրանցվել է շան կծելու 5 դեպք: Սակայն, կան կծելու շատ ավելի դեպքեր, շատերը չեն դիմում հիվանդանոց:

Ախալքալաքի փողոցներում ավելի են շատացել անօթևան շները: Մարդիկ վախենում են տնից դուրս գալ վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ փողոցների անկյուններում նրանք կարող են հանդիպել շների ոհմակների:

Ախալքալաքի Արդարադատության տան մոտակայքում սպիտակ, մեծ շունն անընդհատ վախ է առաջացնում անցորդների և քաղաքի այս մասի բնակիչների մոտ: Ըստ Ախալքալաք քաղաքի բնակիչ Արմինե Մոսոյանի, շունը վերջերս նրան կծել էր, նրա բախտը պարզապես բերել էր, որ երկար բաճկոնով էր, իսկ նույն շունը երեկ կծել էր մեկ այլ կնոջ:

«Երեխաները վախենում են դպրոց գնալ այս ճանապարհով և միշտ գնում են մյուս փողոցով` շրջանցելով այս փողոցը», – ասում է նա:

Ծնողները վախենում են իրենց երեխաների համար:

«Ոչ միայն ես, այլև մյուս ծնողներն էլ վախենում են թափառող շներից: Ես վախենում եմ դուրս գալ փողոց, երբ մութն ընկնում է: Ինչ է մտածում տեղական ղեկավարությունը, ինչ են անելու», – ասում է քաղաքի բնակիչը:

Ըստ Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱՊ) տնօրեն Ավետ Տոնականյանի՝ տարեսկզբից արձանագրվել է շան կծելու 5 դեպք:

Թեպետ, դեպքերը, երբ թափառող շները հարձակվում են մարդու վրա՝ ավելի շատ են: Ըստ քաղաքի բնակիչների, վերջին շրջանում առնվազն 10-15 դեպք է եղել:

Անօթեւան շների առնչությամբ իրենց դժգոհությունն են արտահայտում նաև թիվ 1 նախկին զինվորական ավանի բնակիչները: Ըստ նրանց, մի քանի մեծ շներ անընդհատ թափառում և վախեցնում են բնակիչներին:

«Վերջերս, ավելի ու ավելի հաճախ են շները հարձակվում մարդկանց վրա, դրա համար ինչ-որ բան պետք է արվի», – ասում է զինվորական ավանի բնակիչներից մեկը:

Ըստ նրա, մեծ շները ոհմակներով հանդիպում են աղբարկղների մոտ:

Պարզելու համար, թե երբ և ինչպես են պատրաստվում լուծել այս հարցը, մենք դիմեցինք տեղի ղեկավարությանը:

Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեի, իրենք տեղյակ են այդ խնդրի մասին և մտածում են, թե ինչպես լուծել այն:

Ինչպես նա հավաստիացնում է, դրա համար մունիցիպալիտետը գումար կհատկացնի, որպեսզի հնարավորինս շուտ լուծվի այդ հարցը:

«Մենք տենդեր կհայտարարենք, և ընկերությունը, որը կշահի այն, կզբաղվի դրանով, անօթևան շներին կտանի շների ապաստարան», – ասում է Բալախաձեն:

Այս աշխատանքների համար տենդերը կհայտարարվի փետրվարից հետո: