Արդեն մեկ տարուց ավելի է Ախալքալաքի Մաշտոց-Ազնավուր խաչմերուկի լուսացույցը չի աշխատում։ Լուսացույցը փչացել է 2022 թվականի օգոստոսին։ 2023 թվականին գումար է հատկացվել և երկու անգամ էլեկտրոնային մրցույթ հայտարարվել այն վերանորոգելու համար, սակայն մասնակիցների բացակայության պատճառով մրցույթը չի կայացել։ Լուսացույցն այդպես էլ անսարք մնաց, իսկ հատկացված գումարը տեղափոխվեց 2024 թվականի բյուջե։2023 թվականի հունվարին լուսացույցների երկամյա սպասարկման համար հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ, որն ինչպես և երկրորդ անգամ, մասնակիցների բացակայության պատճառով չի կայացել։ Ախալքալաքի քաղաքապետն այդ ընթացքում Jnews-ին ասել էր, որ հնարավոր է ուղիղ պայմանագիր կնքվի։ Հիմա ևս այդ տարբերակը քննարկվում է, սակայն դեռ կոնկրետ որոշում չկա։
«Կոնկրետ պատասխան այս հարցի շուրջ էլի չունենք, հիմա մենք կապ ենք հաստատում ողջ պետությունով այդ հարցով զբաղվող մի քանի ընկերությունների հետ։ Այսօրվա դրությամբ, մենք իրավունք ունենք մինչև 10 000 լարիով ուղիղ պայմանագիր կնքել, ըստ այդմ՝ նրանց առաջարկել ենք առանց էլեկտրոնային մրցույթի, ուղիղ պայմանագիր կնքել, բայց դեռ պատասխան չունենք, սպասում ենք։ Էլեկտրոնային մրցույթ հայտարարեցինք ոչ ոք չմասնակցեց, սպասենք տեսնենք ինչ արդյունք կունենանք», – ասաց քաղաքապետը։
Մինչ լուսացույցը կվերականգնվի վարորդներն այդ հատվածում միմյանց զիջում են լուսացույցի կանոններից դուրս վարորդական կանոններով։
Նշենք, որ 2023 թվականի փետրվարի 27-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սակրեբուլոն առանձին գումար էր հատկացվել քաղաքի լուսացույցների սպասարկման համար:
Քաղաքապետարանի էկոնոմիկայի զարգացման և կառավարման ծառայության ներկայացրած նախագծի համաձայն՝ բյուջեում 561 հազար 042 լարիի չափով փոփոխություն էր կատարվել, որից 20 հազար լարին պետք է ուղղվեր Ախալքալաք քաղաքի լուսացույցների սպասարկմանը: