Ախալքալաքի տեղական իշխանությունները չեն պատրաստվում փակել քաղաքի գյուղատնտեսական շուկան, քանի որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա:
Ախալքալաքում ապատեղեկատվություն էր տարածվել, որ քաղաքի շուկան պատրաստվում են փակել, բայց դա չի համապատասխանում ճշտմարտությանը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասում է, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա և դրա անհրաժեշտությունը չի լինի, եթե մեր բնակչությունը պահպանի զգուշության կանոնները:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին պահպանել սոցիալական հեռավորությունը, չհավաքվել ավելի քան 3 մարդ մեկ վայրում, կրել բժշկական դիմակներ, ձեռնոցներ և փորձել ձեռքերով դեմքին չդիպչել, որոնք չեն լվացվել և չեն ախտահանվել սպիրտ պարունակող ախտահանիչով: Եթե մեզանից յուրաքանչյուրը կատարի այս նվազագույն կանխարգելիչ միջոցները, ապա կարիք չի լինի խստացնել կարանտինային ռեժիմը», – ասել է նա:
Հարկ է նշել, որ այս տեղեկատվությունն, ըստ երևույթին, տարածվել էր թյուրըմբռնելի լուրի տեսքով այն մասին, որ Ախալքալաքում անասնաշուկան այս օրերին չի գործում: Հնարավոր է նաև, որ Ախալցիխեի շուկայի ախտահանման նպատակով ժամանակավոր փակման մասին տեղեկատվությունը նույնպես Ախալքալաքում մտահոգության հիմք է հանդիսացել: Ախալցիխեի շուկան փակվել էր հանգստյան օրերին՝ ախտահանման նպատակով, իսկ վաղը այն պետք է վերսկսի իր աշխատանքը: