Վրաստանը կլինի Եվրոպայի առաջին երկրներից մեկը, որը կշարունակի պայքարը կորոնավիրուսի վարակի դեմ բջջային հավելվածի միջոցով: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ինչպե՞ս կաշխատի հավելվածը
Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Ավստրիայի հետ՝ հավելվածը ստեղծելու համար, որը հնարավորություն է ընձեռում հետևել կորոնավիրուսով հիվանդների տեղաշարժին:
Ենթադրվում է, որ հավելվածը Առողջապահության նախարարության տվյալների հետ համաժամացնելու է օգտատիրոջ երթուղին, որտեղ այցելել են վարակակիր քաղաքացիները: Կոնտակտի հայտնաբերման դեպքում, վարակակրի հետ հատման վայրի և ժամանակի մասին տեղեկատվությունը կհայտնվի հեռախոսի էկրանին: Առողջապահության նախարարությունը մշտապես կթարմացնի վարակակիրների մասին տեղեկություններով բազան:
Ցանցային ճակատը և քաղաքացիների պատասխանատվությունը
«Վրաստանը կլինի Եվրոպայի առաջին երկրներից մեկը, որը կշարունակի պայքարը կորոնավիրուսի վարակի դեմ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածին միացումը և դրա ներբեռնումը կլինի կամավոր, բայց քանի որ 2019-nCoV-ի դեմ պայքարը կախված է մեր սոցիալական պատասխանատվությունից՝ մենք պատասխանատու ենք ինչպես մեր սեփական առողջության, այնպես էլ մեր ծնողների ու երեխաների առողջության համար», – հայտարարել է Տիկարաձեն:
Նախարարը հույս ունի, որ սմարթֆոններ ունեցող բոլոր անձինք կօգտագործեն հավելվածը:
«Մենք անց ենք կացրել հարցում, թե մեր քաղաքացիներից քանիսը կարող են միանալ այս հավելվածին: Պարզվեց, որ մենք կարող ենք բարձրացնել սոցիալական հեռավարությունը և կանխարգելումը 40%-ով: Սա մեզ կտա շատ արդյունավետ հետևանք», – շեշտել է Տիկարաձեն:
Այլ երկրների փորձը
Ըստ Տիկարաձեի՝ հավելվածը հաջողությամբ կիրառվում է մի քանի երկրներում: Նմանատիպ հավելվածներ ստեղծվել են ինչպես կառավարությունների նախաձեռնությամբ, այնպես էլ առանձին մասնավոր սուբյեկտների կողմից:
Օրինակ՝ Լեհաստանում, օգտագործելով «Տնային կարանտին» հավելվածը, հետևում են ինքնամեկուսացման պայմաններում գտնվող մարդկանց: Օգտատերերը պետք է սելֆի անեն՝ հաստատելու, որ չեն խախտում կարանտինի պայմանները:
Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսի առնչությամբ արդեն կան բավականին շատ կիրառական հավելվածներ: Իշխանությունների նախաձեռնությամբ նրանք մշակել են հատուկ GPS համակարգ, որն օգնում է օգտատերերին հետևել մարդկանց ամենամեծ կենտրոնացման վայրերը, ինչպես նաև վարակակիրների այցելած վայրերը: Նաև Կորեայում կա հավելված, որը կարող է հետևել կարանտինում գտնվող մարդկանց և հավաքել տվյալներ նրանց ախտանշանների մասին:
Ծրագրերը, որոնք օգնում են վերահսկել վիրուսի տարածումը, արդեն օգտագործվում են Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում և Սլովակիայում:
Նյութը՝ «Новости Грузия»-ից