Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք հարցերի: Երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ: