Երեկ՝ մարտի 12-ին, Ախալքալաքի «Մայրերի և երեխաների աշխարհ» կանանց ակումբում «Կին դեմոկրատների միություն» հասարակական կազմակերպությունը մարդու իրավունքների թեմայով թրեյնինգ էր անցկացրել, իսկ բժիշկներն էլ անվճար բուժզննում են անցկացրել բոլոր ցանկացողներին։

Ծրագիրը, ըստ որի «Կին դեմոկրատների միություն» կազմակերպությունն արդեն երկրորդ անգամն է գալիս Ախալքալաք, կոչվում է «Մարդու իրավունքները քո և ինձ համար»։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ UNDP-ի կողմից: Ծրագիրը նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։

«Մենք եկել ենք այստեղ, էթնիկ փոքրամասնություններին իրենց իրավունքների մասին իրազեկելու և անվճար բուժզննում իրականացնելու նպատակով: Մենք ունենք թերապևտ, ուռուցքաբան, մամոլոգ, գինեկոլոգ, էխոսկոպիա: Բժիշկները զննում են և նշանակում կատարում: Եթե լրացուցիչ հետազոտությունների կամ անալիզների անհրաժեշտություն լինեն, մեր կազմակերպությունն ունի ախտորոշիչ կենտրոն Ախալցիխեում՝ «VITA-medi»-ն, որն աշխատում է մեր բազայի վրա, խորհուրդ ենք տալիս հետազոտություն անցնել այնտեղ: Ծառայություններն այնտեղ վճարովի են, բայց մենք զեղչեր ենք առաջարկում բոլորին»,- ասում է «Կին դեմոկրատների միություն» ՀԿ-ի տնօրեն Մարինա Մոդեբաձեն:

Նրա խոսքով, այնտեղ անվճար ծառայություններ են գործում․ կրծքագեղձի սքրինինգ՝ 40-ից 70 տարեկան կանանց համար, և արգանդի վզիկի սքրինինգ՝ 25-ից 60 տարեկան կանանց համար։ Մնացած ծառայությունների համար գործում են զեղչեր։

vrachi

Թրեյնինգից հետո բոլոր ցանկացողները անցան բուժզննում։

vrachi2

«Կին դեմոկրատների միություն» կազմակերպության գործընկերն Ախալքալաքում «NEW STYLE» հասարակական կազմակերպությունն է, որը բացել է «Մայրերի և երեխաների աշխարհ» կանանց ակումբն Ախալքալաքում։

Այս ծրագիրը, բացի Ախալքալաքից, իրականացվում է նաև Նինոծմինդայում, Ախալցիխեում և Ադիգենիում։