Երեկ՝ ապրիլի 1-ին, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ Վրաստանում բոլոր ընտանիքները, ովքեր ամսական սպառում են 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 խ/մ-ից պակաս բնական գազ, պետությունն ամբողջությամբ կոմունալ ծախսերը կփակի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին: Արդեն իսկ վճարման կտրոններ ստացած բաժանորդները հետաքրքրվում են՝ վճարե՞լ, թե ոչ: Jnews-ը փորձել է պարզել:
Ըստ «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի՝ առայժմ այս հարցում հստակ ցուցումներ չկան և պարզ չէ, թե Ախալքալաքի մունիցիպալիտետում քանի բաժանորդ կօգտվի այս արտոնություններից:
«Գազի վճարումները սկսվում են կտրոնները բաժանելուց հետո, այսինքն՝ մոտավոր ամսի 4-5-ից հետո: Եթե մինչ այդ մենք ստանանք տեղեկատվություն, հրահանգներ, որ այդ 200 խ/մ-ի համար անհրաժեշտ չէ գումարը գանձել, չենք գանձի, բայց եթե այդպիսի հրահանգ չլինի, ինչպես միշտ, պետք է վճարումները կատարել մարտ ամսվա ընթացքում ծախսված գազի համար: Մենք առայժմ որևէ հրահանգ չենք ստացել, բայց ես նախազգուշացրել եմ ծառայություններին, մենք անընդհատ կապի մեջ ենք», – ասում է Ռազմիկ Ղումաշյանը:
Այն դեպքում, եթե բաժանորդը վճարի, այնուհետև պարզվի, որ արտոնությունը նաև իրեն էր վերաբերվում, ապա վճարված գումարը կմնա նրա հաշվին:
«Ավելի կոնկրետ, վարչապետի որոշման մեջ ասվում է, որ այն բաժանորդները, ովքեր վճարումներ են կատարել, չեն կորցնի այդ գումարը: Կախված որոշումից, եթե այդ գումարը փոխանցվի մեզ, մենք այդ գումարը ավանդի տեսքով կկարգավորենք և կպահենք բաժանորդի հաշվին: Այսինքն՝ կերևա, որ մեր ընկերությունը այսչափ գումար է պարտք բաժանորդին: Եվ այդ գումարը կգանձվի արդեն ապագայում», – ասում է Ռազմիկ Ղումաշյանը:
«Enrgo Pro Georgia» Էներոբաշխիչ ընկերությունից հաղորդում են, որ մինչ այժմ որևէ կոնկրետ քայլ չի արվել, և նրանք չեն կարող ասել, թե ո՞ւմ է վերաբերվելու ծրագիրը, և հակառակը: