Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերում չի գործում հասարակական տրանսպորտ, իսկ այն գյուղերում, որտեղ մատչելի փոխադրամիջոց կա, ունեն որոշ այլ պահանջներ:
Ախալքալաքում գործում է հանրային տրանսպորտի մի քանի գիծ: Ամեն գիծ հիմնականում սպասարկում է մի քանի գյուղ, օրինակ՝ Կոկիո-Ալաստան-Վարևան-Խանդո-Օրջա, Ազավրեթ-Տուրցխ-Լոմատուրցխ-Ղադոլար-Բուռնաշեթ, Սամսար-Բուղաշեն-Տրկնա-Զակ:
Ձմռանն այս գծերի աշխատանքը դժվարանում է, օրինակ Տրկնա գյուղ տրանսպորտը չի գնում ճանապարհային խնդիրների պատճառով։ Այս գծերի ավտոմեքենաները գյուղից Ախալքալաք գալիս են օրվա մեջ մի անգամ, առավոտյան ժամը 09:00-ին և հետ են վերադառնում 13:00 կամ մինչև 13:30։
Հանրային տրանսպորտից օգտվողները և գոհ են, և դժգոհ։
«Ես Զակ գյուղից եմ գալիս, իհարկե, շատ լավ է, որ կա փոխադրամիջոց, սակայն երբ շատ գործ ենք ունենում, չենք հասցնում նույն տրանսպորտով հետ գնալ, Թբիլիսի գնալուց էլ չենք կարող օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ Ախալքալաք-Թբիլիսի երթուղայինին չենք հասցնում», – ասաց հանրային տրանսպորտից օգտվողներից մեկը։
Սամսար-Բուղաշեն-Տրկնա-Զակ տրանսպորտի արժեքը կոնկրետացված չէ, օգտվողներից մեկի խոսքերով, վարորդը դա թողել է ուղևորների խղճին, կան մարդիկ, որ 3 լարի են տալիս, կան որ՝ 2 կամ 2.50 լարի։
Լինում են դեպքեր, երբ հանրային տրանսպորտն ընդհանրապես չի աշխատում, դա լինում է այն ժամանակ, երբ ձյան պատճառով ճանապարհները անանցանելի են դառնում, կամ այդ օրը քաղաք գնացողներ չեն լինում։
Ազավրեթ-Տուրցխ-Լոմատուրցխ-Ղադոլար-Բուռնաշեթ գյուղերի բնակիչների համար ուղեվարձը 5 լարի է, նրանք գոհ են գնից: Բայց բնակիչները ցանկանում են, որպեսզի այս գծում մի քանի տրանսպորտ աշխատի, քանի որ լինում են օրեր, երբ անգամ նստելու տեղ չի լինում։
Այս գծերը համակարգվում են Ախալաքալքի քաղաքային ավտոկայանից: «Համարյա բոլոր գյուղերը ապահովված են միկրոավտոբուսներով, մեքենաները պատկանում են վարորդներին և մենք պայմանագիր ունենք նրանց հետ կապված աշխատավարձի և այլ հարցերի շուրջ։ Իհարկե մեր գները շատ մատչելի են. 2, 3, 4 կամ 5 լարի», – ասաց Ավտոկայանի շահագործման բաժնի պետ Լերմոնտ Իրիցյանը։
Նրա խոսքերով, այն գյուղերում, որտեղ հանրային տրանսպորտ չկա, բայց բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղում էլ փոխադրամիջոց լինի, կարող են դիմել Ախալքալաքի ավտոկայան։
Մաջադիա գյուղի բնակիչները արդեն 15 տարի է հանրային տրանսպորտ չունեն, ըստ նրանց, ձմռանը այդքան էլ հարկավոր չէ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր սեփական մեքենան, իսկ ամռանը, երբ գյուղի տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, արդեն անհրաժեշտ է դառնում հանրային տրանսպորտը, քանզի կանայք չեն կարող օգտվել սեփական մեքենաներից և ստիպված տաքսիներից են օգտվում, որն էլ շատ թանկ է։
Եթե վերոնշյալ գյուղերի տրանսպորտները օրվա ընթացքում ընդամենը մի անգամ են գալիս, իրենց սահմանված ժամով, Խոսպիո գյուղի տրանսպորտը կոնկրետ ժամ չունի: Օրվա ընթացքում կատարվում է 8 ուղևորափոխադրում երկու միկրոավտոբուսով։ Առավոտյան ժամը 08:00-ին աշակերտներին են բերում դպրոց, այնուհետև 09:00-ին սկսում են ուղևորափոխադրումները։
Խոսպիո գյուղի տրանսպորտը կայանում է Ազատության փողոցում, Մշակույթի տան դիմաց, սակայն կայանատեղին ժամանակավոր է։
«Մենք դիմում ենք ներկայացրել քաղաքապետարանին, որպեսզի մեզ կայանելու հիմնական տեղ տան, սակայն դեռ ոչ մի պատասխան։ Այնպես է լինում, որ այստեղ կայանման տեղ չի էլ լինում, չգիտենք ինչ անենք», – ասաց վարորդ Մանասյան Վարազդատը։
Իսկ երկրորդ վարորդը հավելեց․ «Սկզբում կանգնում էինք եկեղեցու մոտ, սակայն ճանապարհային ոստիկանները արգելեցին, հիմա այստեղ ենք կայանում, սպասում ենք դիմումի պատասխանին, կամ գոնե այս տարածքում ճանաչման նշան դնեն, որ մարդիկ իմանան այստեղ ենք կայանում։ Գինը, և՛ մեզ և՛ ուղևորների համար հարմար է, մեքենաները մերն են, սակայն մենք հարկ ենք վճարում պետությանը»։
Ուղևորները այդքան էլ գոհ չէին տրանսպորտի երթևեկության հաճախականությունից։
«Լինում են դեպքեր, որ համարյա 2 ժամ սպասում ենք, վարորդները սպասում են, որ շատ մարդ հավաքվի, որ շարժվեն։ Գալիս, կանգնում, սպասում ենք ժամերով, հենց նոր էլ եկավ ու գնաց աշակերտներին տանելու, մենք էլի պետք է սպասենք», — ասաց Խոսպիոի տրանսպորտին սպասող ուղևորներից մեկը։
Ունի արդյոք ինչ-որ պլաններ ներքին հասարակական տրանսպորտի վերաբերյալ Ախալքալաքի տեղական իշխանությունը, և կտրամադրվի թե ոչ Խոսպիո գյուղի վարորդներին հիմնական կայանատեղի, կտեղեկացնենք ինքներս տեղեկանալուց հետո։ Այս հարցերի պատասխանը դեռ չենք կարողացել ստանալ Քաղաքապետարանից:
Գայանե Ակոջյան