Ախալքալաքի անասնաշուկան, որը երկու անգամ վերանորոգվել է շահագործման թույլտվություն ստանալու նպատակով, կրկին չի համապատասխանում սանիտարական նվազագույն պահանջներին։ Սննդի գործակալության վարչությունն արդեն երկրորդ անգամն է մերժում է շահագործման թույլտվություն տրամադրել։ Այս տարի շուկայի վերականգնման համար տեղական բյուջեն երրորդ անգամ հատկացնում է միջոցներ։
Ախալքալաքի անասնաշուկան, սանիտարական պայմաններին չհամապատասխանելու պատճառով, 2020 թվականին փակվել էր։ Դրանից հետո, 2021 թվականին, տեղական բյուջեից վերականգնման համար ծախսվել էր 15 120 լարի, այդ գումարով տարածքը ցանկաապատվել էր։ Սննդի գործակալության վարչության Ներկայացուցչական հանձնաժողովը, տարածքը տեսնելուց հետո, չէր թույլատրել շուկան շահագործման հանձնել, քանի որ նույնիսկ նվազագույն պայմանները չեն պահպանված։
Ընթացիկ 2022 թվականին վերականգնման համար տեղական բյուջեից կրկին հատկացվել է 20 000 լարի։
«Չի համապատասխանում ստանդարտներին, վերանորոգումից հետո, ընդհակառակը, տարածքը փոքրացվել է։ Մեր տված առաջարկությունների ոչ մի կետին չի համապատասխանում։ Գումարը ծախսվում է, բայց նպատակին չի ծառայում։ Մենք վարձակալին բոլոր առաջարկությունները գրավոր տրամադրել ենք, նրանք մեր հանձնարարականներով պետք է վերանորոգեին, զուգարան չկա, ջուր, ասֆալտ, վանդակներ չկան։ Մենք նորից ենք հանձնարարական տվել վարձակալին»,- ասաց Սննդի գործակալության Ախալքալաքի մասնաճյուղի կառավարիչ Մերուժան Եզոյանը։
Մերուժան Եզոյանի խոսքով, տարածքում միանշանակ ասֆալտ է հարկավոր, որպեսզի կարողանան ախտահանել, մաքրել։
Շուկայի վերահսկող Սոնա Վարդանյանն ասում է, որ երկու անգամ շուկան չեն ընդունել և թույլ չեն տվել շահագործել։
«Ասացին, կոյուղի է պետք, վանդակներ (հատվածախցեր), զուգարան, ասֆալտ։ Աշնանը եկան, էլի չընդունեցին, հանձնարարական նամակ գրեցին, ես հանձնեցի քաղաքապետարանին։ Նախորդ անգամ այնտեղ ցանկապատ կառուցեցին, ես վագոն ունեի բժշկի համար, դա էլ տարան»,- ասում է Սոնա Վարդանյանը։
Շուկայի տարածքը 1800 քառ/մ է։ Այսօր մարդիկ իրենց անասունները վաճառում են անասնաշուկայի մոտակայքում՝ գերեզմանատան մուտքի մոտ, առանց անասնաբույժի։
Ախալքալաքում անասնաշուկան գործում է ավելի քան քսան տարի, շաբաթ-կիրակի օրերին շուկայում աշխատում էր բժիշկն ու հսկիչը։
Ըստ հսկիչ Սոնյա Վարդանյանի, իրենք անասնաշուկան վարձակալել են ամսական 150 լարիով։
Շուկայի օգտագործումը վճարովի է, խոզերի վաճառքի համար վաճառողները վճարում են 3 լարի (խոզերով լի փոքր մեքենայի համար), վաճառվող խոզերի մեծ մեքենայի համար՝ 4 լարի, մեկ մեքենա ոչխարի համար՝ 4-5 լարի։
Անասնաշուկան կրկին կվերանորոգվի