Արդեն երկու օր է Ախալքալաք քաղաքում և գյուղերում մեքենաներ են շրջում և բարձրախոսով բնակչությանը տեղեկացնում կորոնավարակի կանխարգելման պրոֆիլակտիկ միջոցների վերաբերյալ: Նախաձեռնությունը Ախալքալաքի քաղաքապետարանին է պատկանում, որն իրականացնում է Սպասարկման կենտրոնը:
Էլեկտրոդինամիկական բարձրախոսով բնակչությանը տեղեկացնում են նոր կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների մասին և հրահանգում՝ պաշտպանելով հիգիենայի բորլոր կանոնները կարողանան պաշտպանվել վարակից։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում վստահեցնում է՝ նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, մինչև բնակչությունն ընկալի իրավիճակի բարդությունը:
«Այս ամենը քաղաքապետարանի որոշմամբ է կատարվում, մենք դեռ նոր ենք սկսել և այն շարունակական կլինի, մինչև չհամոզվենք, որ ժողովուրդն այլևս չի հավաքվի»,- ասում է քաղաքապետը։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով, կենտրոնի աշխատակիցները մեքենաներով շրջում են գյուղերում, քաղաքում և մարդկանց հայերեն և վրացերեն լեզուներով տեղեկատվություն հաղորդում:
«Մեր վարորդները հիմնարկի մեքենաներով շրջում են և էլեկտրոդինամիկական բարձրախոսերով մեկ ժամ վրացերեն և մեկ ժամ հայերեն հաղորդում կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների մասին»,- նշում է Արմեն Բիչախչյանը։
Ախալքալաքի շրջանում նմանօրինակ միջոցառումներ են ձեռնարկվում բնակչությանը կորոնավիրուսի վտանգից պաշտպանելու համար:
Մարտի 29-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 91-ի է հասել, առողջացել 18 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 4717 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ: