Մարտի 15-ից մինչև 25-ը Վրաստանի հանրակրթական դպրոցներում աշակերտները կհանձնեն էքստեռն քննություններ: Ախալքալաքի շրջանից էքստեռն կարգով քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել թվով 50 աշակերտ:
Էքստեռն կարգով քննություններ հանձնող դիմորդները հիմնականում այն աշակերտներն են, ովքեր տարբեր պատճառներով չեն ավարտել ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Կամ էլ վստահ են իրենց գիտելիքների վրա և ցանկանում են տեղափոխվել բարձր դասարան: Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից, հիմնականում քննություններ են հանձնում այն աշակերտները, ովքեր տարբեր պատճառներով հեռացել են դպրոցից: Օրինակ՝ ամուսնացել են՝ կիսատ թողնելով ուսուցումը, կամ տեղափոխվել են այլ բնակավայր: Նրանք հանձնում են քննություններ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար:
Ախալքալաքում էքստեռն քննությունների անցկացման ճկուն համակարգ է գործում: Վրաց դպրոցների աշակերտները քննություն են հանձնում ընդհանրացված էլեկտրոնային համակարգով, իսկ հայոց դպրոցների աշակերտները թեստավորման միջոցով: Աշակերտը սեփական հայեցողությամբ կարող է ընտրել այն դպրոցը, որտեղ որ ցանկանում է մասնակցել էքստեռն քննությանը:
10 օր շարունակ Վրաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները տարբեր առարկաներից էքստեռն քննություններ կհանձնեն, որոնց արդյունքները պարզ կլինեն քննությունների ավարտին:
Էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած փոխադրվողի ստացած քննական դրական գնահատականները ուժի մեջ են մեկ տարի: Հաջորդ տարի նա քննություն է հանձնում միայն այն առարկայից, որից քննություն չի հանձնել կամ ստացել է քննական անբավարար գնահատական: Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացած քաղաքացիներին տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ՝ «Էքստեռն» նշումով, որը տրվում է Վրաստանի ԿԳ նախարարության կողմից:
Աղունիկ Այվազյան