Ախալքալաքի Ռուբեն Տեր-Մինասյանի (նախկին գիշերօթիկ դպրոց) անվան թիվ 5 հայկական հանրային դպրոցի կարևորագույն խնդիրը այսօր աշակերտների սակավությունն է:
Այսօր Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցն ունի 101 աշակերտ, դասարանում ամենաշատը 13 աշակերտ է սովորում, իսկ ամենափոքր դասարանը 3 հոգուց է բաղկացած:
Դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանի խոսքերով դրա հիմնական պատճառներից մեկը դպրոցի անհարմար տեղն է և բնակելի տների քիչ լինելը:
-«Եթե քաղաքի կենտրոնին հարում են մի քանի տասնյակ փողոցներ, ապա մեր դպրոցը մեկ փողոց դիմացից ունի և մեկ կիսատ փողոց էլ մյուս կողմից»:
Հենց այդ պատճառով էլ տարածքում երեխաները շատ քիչ են, շատ տներ դատարկ են, բնակիչները մեկնել են այլ երկրներ:
-«Մեկ այլ պատճառ է նաև այն, որ ասֆալտապատ փողոցներով շրջապատված Դեմիրճյան դպրոցն ավելի մոտ է և մոտերքում ապրող ծնողներն ու աշակերտները նախընտրում են գնալ այնտեղ»,- ասում է տնօրենը:
Էմմա Նահատակյանի խոսքերով աշակերտների սակավության պատճառներից մեկն էլ դպրոցի նախկին անվանումն է:
-«Չնայած նախկին գիշերօթիկ անվանումը փոխվեց թիվ 5 հանրային դպրոցի, միևնույն է այդ անունը ծնողները ծանր են ընդունում, նրանք ասում են «վայ գիշերօթիկ», կարծես մանկատուն լինի», – ասում է նա:
Դպրոցի տնօրենն ասում է, որ ծնողների համար աշակերտների քչությունը ևս խոչընդոտ է երեխային այդ դպրոց տանելու համար:
-«Ծնողներն ասում են, որ մյուս դպրոցներում երեխաները շատ են, թող գնան, որ մարդ ճանաչեն: Նրանք չեն մտածում, որ քիչ երեխաների հետ աշխատելը ավելի հեշտ է և ուսուցումն ավելի արդյունավետ» :
Դպրոցը դիմել է մի քանի շահագրգռող մեթոդների ՝ աշակերտներին դասերից հետո անվճար պարապմունքի հնարավորություն են տվել, երիտասարդական կենտրոնում թիվ 5 դպրոցի ուսուցիչները դասավանդում են անգլերեն և վրացերեն լեզու: Բայց դա էլ ծնողներին «չհրապուրեց» :
Այնուամենայնիվ, թիվ 5 դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը լավատես է և ըստ նրա քանակը չէ, որ պետք է ապահովի որակը:
Անուշիկ Ստամբոլցյան