Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակիչը, այսօր՝ ժամը 16: 00-ի սահմաններում, ինքնամեկուսացման կանոնների խախտման պատճառով հարկադիր տեղափոխվել է կարանտինային գոտի:
Երիտասարդն այցելել է Հայաստան անձնական գործերով և մարտի 15-ին վերադարձել է Վրաստան, նրան ասել էին, որ 14 օր ինքնամեկուսանա, սակայն գյուղի բնակիչը խախտել է ինքնամեկուսացման կանոնները, դուրս է եկել գյուղ և հասարակական այլ վայրեր: Այսօր ՆԳՆ-ի աշխատակիցները նրան շտապօգնության ուղեկցությամբ տեղափոխել են կարանտինային գոտի: Մասնավորապես, թե ուր են տեղափոխել նրան, դեռևս չի հաղորդվում:
Տեղական հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ նրան, ամենայն հավանականությամբ, տեղափոխում են Ախալցիխե:
«Ներկայումս 343 մարդ ինքնամեկուսացման մեջ է, իսկ 27-ը գտնվում է կարանտինում՝ տարբեր վայրերում», – ասում է տեղի ՀԱԿ-ի ղեկավար Ավետիք Տոնականյանը՝ հորդորելով բնակչությանը հետևել ինքնամեկուսացման կանոններին:
Ըստ հարազատների՝ երիտասարդն ինքնամեկուսացման 10 օրվա ընթացքում ջերմություն կամ թուլություն չի ունեցել, բայց դա հաշվի չի առնվում և արտակարգ դրության պայմաններում իրավապահ մարմինները վերահսկում են ինքնամեկուսացվածներին և խախտման դեպքում արձագանքում: Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նույնպես կարող են տուգանել, բայց Ախալքալաքում դեռ նման դեպք չի գրանցվել: