Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունից հարցաքննության ծանուցագիր են ստացել՝ Մարտուն Մկոյանը, Կարապետ Մկոյանը և Էդուարդ Մկոյանը: Սակայն Մկոյանները դեռ չեն ներկայացել ոստիկանություն, նրանք սպասում են իրենց իրավաբանին:
«Դե ոչ, նոր էին եկել, ասացի որ իրավաբան կբերեմ: Ախալքալաքի ոստիկանությունից ծանուցագիր եկել է միայն երեքիս անունով՝ իմ, Կարապետ և Էդուարդ Մկոյանների անունով: Ես ասացի, որ իրավաբանը կգա և ձեր բոլոր հարցերին կպատասխանի: Եթե անհրաժեշտություն լինի նոր մենք կխոսենք, տեսնենք իրավաբանն ինչ կասի»,- ասաց Մարտուն Մկոյանը:
Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում, «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչը ենթադրում է՝ «հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»։