Այս տարի պետությունը շարունակում է «Օգնություն գյուղին» ծրագիրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 հազար լարի։ Մարտ ամսից գյուղերում կսկսվեն առաջնահերթ աշխատանքների ընտրությունները։
Վրաստանում, 2011 թվականին մեկնարկած «Օգնություն գյուղին» ծրագիրը երկու տարի ընդմիջումից (2017, 2018) հետո վերսկսվեց 2019 թվականին, ու այս տարի շարունակվում է։ Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացված գումարը, ինչպես անցյալ և նախանցյալ տարի չի փոխվել, և, կազմում է 922 000 լարի։
ՕԳԾ-ով հատկացված Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենափոքր գումարը կազմում է 10 000 լարի, իսկ ամենամեծ գումարը՝ 20 000 լարի։ Նաև, բնակչության թվից կախված, գյուղերը կարող են ստանալ 12 000 լարի կամ 16 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ ստացել էին նախորդ տարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն արդեն ստեղծել է քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներով կազմված հանձնաժողով։ Մարտ ամսին գյուղերում կսկսվեն ՕԳԾ-ի առաջնահերթ աշխատանքների ընտրության ժողովները:
Այս ծրագրի շրջանակներում գյուղերում կիրականացվեն բազմաթիվ տարբեր նախագծեր։ Առաջնահերթ աշխատանքներին, որոնք կարող են ընտրել գյուղացիները, այս տարի ավելացվել է գերեզմանոցի պարսպապատումը, ինչը նախորդ տարի թույլ չէր տրվում։
Նախորդ տարի առաջնահերթ աշխատանքներն էին՝ մինի մարզադաշտերի և խաղահրապարակների կառուցումը, լուսավորության կազմակերպումը, անասունների համար ջրավազանների կառուցումը, ներգյուղական ճանապարհների հարթումը։