Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այցով գտնվում է Վրաստանում: Այսօր նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ՝ Դավիթ Ուսուպաշվիլիի, վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ՝ Գիորգի Մարգելաշվիլիի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը:
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:
«Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել են որակական նոր փուլ: Մեր երկրների միջև ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են: Կարևորում եմ նաև այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն իր հայտարարությունում կարևորել է Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը:
«Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար»,- նշել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Նա հիշեցրել է, որ նույն այդ դահլիճում Մարգվելաշվիլիի հետ խոսել են, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը «բացասաբար չեն անդրադառնա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան»:
«Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առևտրաշրջանառությունն ավելացել է, նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը: