Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայսատանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։ Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
Հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:
«Մեր առաջին հանդիպումն ուզում եմ սկսել լավ լուրով։ Բոլորովին վերջերս մեր կառավարության կողմից հաստատվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը։ Հաշվի առնելով այն, որ իրանական կողմի հավաստիացմամբ 2020թ․ նախատեսվում է ավարտել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, մեզ համար կենսական է դառնում Դդմաշենի ենթակայանի կառուցումը»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով` էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարևորվում է նաև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքին նոր թափ հաղորդելու տեսանկյունից։
«Կարծում եմ, սա լայն հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Վրաստանի համար։ Այս երկու խոշոր նախագծերով Հայաստանն ու Վրաստանը կարող են առաջընթաց գրանցել նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, ձեռք բերել նոր շուկաների հասանելիություն։ Արդյունքում մենք կարող ենք էներգետիկ կարևոր միջանցք դառնալ դեպի Պարսից ծոցի երկրներ և Վրաստանի միջոցով արդեն երրորդ երկրներ», – հավելել է նախարարը։
Նախարար Նաթիա Թուրնավան իր հերթին կարևորել է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի քառակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ընդգծելով Հայաստանի և Վրաստանի տարանցիկ միջանցքի գործառույթները նման կարևորություն ունեցող էներգետիկ նախաձեռնությունում: Նաթիա Թուրնավան հայտնել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները զուգահեռ իրականացնելու ուղղությամբ։
Զրուցակիցները անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազատարի վրացական կողմում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը: Հարցի կարգավորման ուղղությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախաձեռնել հանգամանալից քննարկում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` ուղղված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորություններին:
Տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից: