Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում կարող են երկիր վերադառնալ «Սադախլոյի» անցակետով, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում: Վրաստան եկած բոլոր քաղաքացիներն անխնդիր տեղափոխվում են կարանտինային գոտի: Այս մասին Jnews-ին հայտնում են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:
Պարզելու համար, թե ի՞նչ է լինելու Վրաստանի այն քաղաքցիների հետ, ովքեր հիմա գտնվում են երկրի տարածքից դուրս Jnews-ը դիմեց Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։
«Համաձայն ժամանակավոր կանոնակարգի՝ վրացական սահմանի հատման կետում՝ «Սադախլո» մաքսակետը կարող են հատել Վրաստանի քաղաքացի ճանապարհորդները/անհատ անձիք միայն խիստ սահմանված ժամերի, ժամը՝ 10:00-ից մինչև 18:00-ն։ «Գուգութի», «Ախկերպի» և «Նինոծմինդայի» մաքսային անցակետերը փակ են ֆիզիկական անձանց տեղաշարժի համար»,- հայտնում են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:
Նոր կորոնավիրուսների տարածման վտանգները կանխելու համար Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկրի պետական սահմանի հատման կանոնները ենթարկել խստացված համակարգի:
«Սադախլոյի» մաքսային անցակետում ավտոմեքենաների սանիտարական-կարանտինային հսկողության աշխատանքներ են իրականացվում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության համաճարակաբանների կողմից:
Իրականացվում է նաև Վրաստանի քաղաքացիների անհատական մոնիթորինգ, որը ներառում է ուղևորի հետ հարցազրույցը, ջերմության ստուգումը, համապատասխան կլինիկական նշանների գնահատումը և ստացված տեղեկատվության հիման վրա ճանապարհորդության վերաբերյալ տվյալների մանրամասն հավաքագրումը:
Բացի այդ, արտասահմանից վերադարձած Վրաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր վերադառնում են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով, բոլորը տեղափոխվում են կարանտինային գոտի:
Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրություն է: Նախօրեից սկսած՝ խիստ կարանտինային ռեժիմ՝ Մառնեուլիում ու Բոլնիսիում: Նշված շրջաններ բնակիչներին երկու շաբաթով արգելվել է ներս ու դուրս անել: Տեղում իրավիճակը վերահսկում են Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները և զինված ուժերը: